ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը կրկին դիմում է հասցեագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին։ Դիմումը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Փաստաբանը Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր է հասցեագրել Ասլանյանին՝ ակնկալելով պատասխանները ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում։
«Խնդրում եմ ներկայացված հարցերին պատասխանել հնարավորին սեղմ ժամկետում՝ էլեկտրոնային եղանակով, քանի որ այդ պատասխաններն անհրաժեշտ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար»,-հիմնավորել է Խուդոյանը։
Նա կրկնել է նախկինում դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրած, բայց այդպես էլ սպառիչ պատասխաններ չստացած հարցերը։ Մասնավորապես նշել է.
«Խնդրում եմ ստորև համարակալված հարցադրումներին պատասխանել առավել հստակ և նույն համարակալմամբ․
1. Կոնկրետ ո՞ր օրն է Ձեզ հայտնի դարձել, որ տիկին Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչև ապրիլի 16-ը:
2. Ի՞նչ եղանակով է ստացվել այդ տեղեկությունը:
3. Մինչև սույն դիմումը ստանալը Դուք կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձ կատարե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձայն է արդյոք, որ բացակայության հիմքերը /առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը/ ներկայացվեն պարոն Քոչարյանի պաշտպաններին:
4. Սույն դիմումը ստանալու պահից մինչև պատասխան ներկայացնելու պահը Դուք կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձ կատարե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձայն է արդյոք, որ բացակայության հիմքերը /առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը/ ներկայացվեն պարոն Քոչարյանի պաշտպաններին:
5. Արդյոք 2-րդ և կամ 3-րդ հարցում նշված գործողությունների արդյունքում տիկին Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը:
6. Համաձայնության բացակայության դեպքում՝ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվել տիկին Դանիբեկյանը տեղեկատվություն տրամադրելուց:
7. Արդյոք իրականությանը համապատասխանում է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ տիկին Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:
8. Եթե այո, երբ է Ձեզ կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցչի հայտնի դարձել այդ տեղեկությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը