Հայաստանում ՔԿՀ մի շարք աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Այս կապակցությամբ Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետևյալն իմանալու համար․
1․ Նոր տիպի կորոնավիրուսի՝ Հայաստանում ի հայտ գալուց ի վեր ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից և ՔԿՀ ախատողներից քանի՞ հոգի են թեստավորում անցել՝ կորոնավիրուսի հայտնաբերման համար։
2․ ՔԿՀ աշխատողների և կալանքի տակ գտնվողների շրջանակներում առկա վարակվածների թիվը որքա՞ն է։
3․ Կանխարգելման ի՞նչ միջոցներ են կիրառվում ՔԿՀ-ներում և ի՞նչ ինտենսիվությամբ։
4․ Արդյո՞ք կարանտինի կանոնները պահպանվում են ՔԿՀ-ներում։
Արդարադատության նախարարության պատասխանը հետևյալն է․
«1-ին հարցադրման առնչությամբ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի հայտնաբերման նպատակով ըստ անհրաժեշտության թեստավորվել է 41 անձ, որից 31-ը՝ քրեակատարողական ծառայող, 10-ը՝ ազատությունից զրկված անձ:
2-րդ հարցադրման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ իրականացված թեստավորման արդյունքում նոր կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել բացառապես քրեակատարողական ծառայողների շրջանում: Այսպես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի 8 աշխատակցի մոտ թեստի պատասխանը եղել է դրական: Վարակակիրների հետ շփված անձինք մեկուսացվել են: Այդուհանդերձ, հարկ է ընդգծել, որ նշված աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացրել են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և ազատությունից զրկված անձանց հետ որևէ շփում չունեն ունեցել։
3-րդ և 4-րդ հարցադրումների շրջանակներում հարկ է նշել, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են այնպիսի միջոցառումներ, որոնք միտված են վարակի ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն: Մասնավորապես՝ արգելվել են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգի, որպեսզի երաշխավորվի արտաքին աշխարհի հետ կապը և սահմանափակումը լինի նվազ միջամտող), հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը, կրոնական ծեսերը՝ հաշվի առնելով վերջիններիս ժամանակ անձանց շփումը:
Արդարադատության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել և իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ բացառելու համար վարակի ներթափանցումը ՔԿՀ-ներ: Մասնավորապես՝
Ազատությունից զրկված անձանց, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր վիրուսի ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։
Վերոգրյալից զատ, քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային վարակի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար առանձնացվել են առնվազն 1-ական խցեր։ Երկարաձգվել է կարանտինային բաժնում պահելու օրերի թիվը՝ 7-ից դառնալով 14 (հիվանդացության նշանների բացահայտման հնարավոր օրերի թվով):
Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է փաստել, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է, կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»:
Նշենք, որ տվյալներն ապրիլի 7-ի դրությամբ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը