03 04 2020

Կալանավորներին բաց թողնելու գործընթացի անհրաժեշտություն կա. փաստաբան

Կալանավորներին բաց թողնելու գործընթացի անհրաժեշտություն կա. փաստաբան

Ստեղծված իրավիճակում պայմանավորված կորոնավիրուսի վտանգներով, միանշանակ անհրաժեշտություն կա մեզ մոտ էլ կալանավորներին բաց թողնելու գործընթաց սկսել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը և ընդգծեց, որ այն հնարավոր հետևանքները, որոնք պետությունը հետո փորձելու է վերացնել, չի կարողանա վերացնել ՔԿՀ-ում, և այն ռիսկը, որ կարող  առաջանալ, եթե շատ կալանավորներ բաց թողնվեն, անհամեմատելի են. «Այսինքն, մի դեպքում, եթե պայմանական 100 կալանավորից 20-ն իրենց լավ չեն պահել ու խնդիրներ են առաջացնելու, այդ ռիսկը կառավարելն ու դրա հեևանքները վերացնելը շատ ավելի հեշտ է լինելու, քան եթե հանկարծ համաճարակ բռնկվի ՔԿՀ-ներում»:

Խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պաշտպանվածության և երաշխիքների մասին, որ նրանց մոտ էլ չի տարածվի վիրուսը, այն պարագայում, երբ արդեն, օրինակ՝ Վարդաշեն ՔԿՀ-ի 4 աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, փաստաբանն ասաց. «Պաշտպանվածության միայն մեկ երաշխիք կարող է լինել, դա այն է, որ ՔԿՀ-ի աշխատողներն ընդհանրապես չտեղաշարժվեն՝ լինեն մեկուսացած: Հակառակ դեպքում, եթե իրենք գնալու են տուն՝ թեկուզ ծառայության պայմաններում, մի քանի օր մնան և որևէ շփում ունենան արտաքին աշխարհի հետ, ուրեմն ռիսկը չի բացառվում: Իսկ ուղղակի տեղափոխումը ՔԿՀ՝ իր փակվածության, առողջապահական ոչ կատարյալ համակարգի պայմաններում, խցերի՝ գերծանրաբեռնվածություն չունենք, բայց էլի հագեցվածություն ունենք… այդ պայմաններում միանգամից շատ բուռն կերպով կարող է տարածվել համաճարակը ՔԿՀ-ում ու ոչ մի բան անել հնարավոր չի լինելու դրա դեմն առնելու համար»: 

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ այս ամենի հետ մեկտեղ մենք տեսնում ենք դեպքեր, երբ բաց են թողնում անձանց, որոնց դեմ բողոք է հայտնում անգամ փաստաբանական համայնքը, Հովհաննես Խուդոյանը նշեց. «Եթե մենք գործ ունենք ռիսկային խմբի հետ՝ այն անձանց, որոնց ազատության մեջ գտնվելը կարող է շատ ռիսկային լինել, նույնիսկ այդ պարագայում այդ ռիսկերն արդարացված են, որովհետև այստեղ խնդիրն այդքան կոնկրետ անձանց մասին չէ: Բանկանաբար, մարդու իրավուքնները պետք է առաջնահերթ լինեն ու յուրաքանչյուր անձի համար դրանք պետք է ապահոված լինեն այս պայմաններում, բայց այստեղ գլոբալ ուրիշ խնդիր կա՝ պետության խնդիրը, որ կանգնում են մի խնդրի դիմաց, որից խուսափելը  կամ լուծելը կարող է հնարավոր չլինել»:

Իսկ հարցին՝ այսօրվա պայամններում արդյո՞ք կալանքից ազատելը կամ պահելը չի դարձել քաղաքական նպատակահարմարություն, երբ մի դեպքում բաց են թողնում փոխգնդապետին մահվան դուռը հասցրած անձին կամ այլ հանցագործի, մյուս դեպքում կասկածելի հանգամանքներում պահվում են այլ մարդիկ՝ Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ որոշ դատավորներ իրենք են նախաձեռնում, որպես առանձին գործընթացներ, հենց այս հիքմով անձանց կալանքից ազատելու հարցերը:

Ընդ որում, կան դատավորներ, որ մեզ համար աննախադեպ որոշումներ են կայացնում, իրենց նախաձեռնությամբ հրավիրում են դատական նիստեր՝ առանց որևէ միջնորդության ու քննարկում են  խափանման միջոցի հարցը՝ կորոնավիրուսի հիմքով, թեև արձանագրում են, որ, օրինակ՝ խափանման հիմքերը կան և անհրաժեշտ է, որ անձը կալանավորված լինի,  բայց այդ հիմքով պետք է անհապաղ ազատ արձակվի առնվազն գրավի դիմաց: Եվ ցանկալի է, որ եթե այդ պրոցեսում պետական քաղաքականություն չկա, դա կատարվի դատական համակարգի միջոցով, որովհետև այստեղ թե՛ մարդասիրության սկզբունքն է կարևորվում, թե՛ անուղղակի ձևով ինչ-որ կերպ նվազեցվում է պետության պատասխանատվության բեռը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ