30 03 2020

Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում. փաստաբան

Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում. փաստաբան

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արամ Վարդևանյանից:

Ավելին, դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմի աշխատակիցներն արդեն քանի օր է ընդհանրապես  չեն պատասխանում  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի հեռախոսազանգերին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք,  որ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ի երեկոյան, պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ դատավորը վիրահատվել է և պարզ չէ, թե որքան կտևի հետվիրահատական շրջանը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի, ինչը մերժվել է: Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ դիմել էր ՄԻՊ-ին և ԲԴԽ նախագահին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։

Թեև ԲԴԽ նախագահը որոշել էր վերահասցեագրել Վարդևանյանի դիմումը և ուղարկել Երևանի դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին, սակայն պաշտպանը դեռևս չի ստացել ո՛չ ԲԴԽ նախագահի որոշումը, ոչ էլ՝ Երևանի դատարանի նախագահի որոշումը: Վարդևանյանի խոսքով՝ ՄԻՊ-ին ներկայացված դիմումից տեղեկատվություն ևս չունի, այն պարագայում, երբ ներկայացված հարցը հրատապ էր: Հարցին, թե արդյո՞ք օրենքով սահմանված ժամկետները չեն խախտվում, Վարդևանյանը պատասխանեց, որ այս հարցը պետք է դիտարկել ոչ թե ժամկետների տեսանկյունից , այլ՝ հենց հրատապության և  անհապաղության:

Իսկ փաստաբան Հայկ Ալումյանն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների, ավելի ճիշտ անգործության դեմ։ Նա պահանջել է Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ: Բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ