2020թ․ մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, ինչպես նաև նույն առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Այգեձոր համայնքի ևս երկու բնակիչների, ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՔԿ ֆեյսբուքյան էջը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Պայմանագրային զինծառայողը ձերբակալվել է:
Դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը