12 03 2020

Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնում. Արա Զոհրաբյան

Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնում. Արա Զոհրաբյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա նշել է. «Նախ պետք է նշեմ, որ համաձայն եմ գործող իշխանության կամ ցանկացած քաղաքացու այն դիրքորոշման հետ, որ պետք է պետությունից հափշտակված գույքը վերադարձվի պետությանը: Միևնույն ժամանակ դեմ եմ լինելու այն նախագծերին, որոնք կարող են չարաշահումների, «զոհերին» ընտրելու կամայականության կամ ներդրումները վտանգելու հիմքեր ստեղծել: Ցավոք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրինագիծ) վտանգավոր թերություններ է պարունակում: Մի քանիսին փորձեմ անդրադառնալ: Ինչպես գիտեք՝ - Օրինագիծը կիրառվելու է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ. - դատարանը ղեկավարվելու է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածով. - եթե իրավասու մարմինը դատարանում ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրավասու մարմնին հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով, ապա այդ գույքը բռնագանձվում է հօգուտ պետության. - գույքը ենթակա է բռնագանձման, եթե գերազանցում է քսանհինգ միլիոն ՀՀ դրամը: ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ: 1. Օրինագծով «փոխկապակցված անձ» է հանդիսանում նաև ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք: Ստացվում է, որ եթե անձը, օրինակ 2000 թվականին անշարժ գույք է ձեռք բերել նախկին պաշտոնյայից կամ նրա հետ փոխկապակցված անձից և ձեռքբերման արժեքը պայմանագրում էականորեն ցածր է նշվել, ապա նա համարվելու է փոխկապակցված անձ այդ նախկին պաշտոնյայի հետ, դրանից բխող բոլոր հետևանքներով: 2. Օրինագծով՝ երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ. 1) գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, և 2) գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ: Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի անշարժ գույք է ձեռք բերել մի անձից (որը նախկին պաշտոնյա է կամ նրա հետ փոխկապակցված անձ), բայց չի իմացել կամ չէր կարող իմանալ այդ գույքի ապօրինի լինելու մասին, և եթե գույքի արժեքն ամբողջությամբ ճիշտ արտացոլվել է պայմանագրում, ապա միևնույն է, գնորդ քաղաքացին պետք է ապացուցի, որ իր կողմից վճարված գումարն օրինական է: Եթե չապացուցեց, ապա գույքը նրանից կբռնագանձվի: Օրինագիծը նշում է նաև, որ բացառությամբ վերոհիշյալ անձանցից (բարեխիղճ ձեռք բերողներ) այլ անձի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի օտարման գործարքները համարվում են առոչինչ: Ամփոփելով վերոգրյալը կարծում եմ, որ այս Օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնելու 25 մլն. ՀՀ դրամից ավելի արժեքով գույքի սեփականատերերի, այդ թվում՝ ներդրողների համար, քանի որ հնարավորություն է տալու բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջել: Նույնիսկ մի քանի անգամ սեփականատեր փոխած գույքը ձեռք բերողի համար ռիսկային է լինելու, քանի որ նա ստիպված պետք է ապացուցի, որ այդ գույքը ձեռք բերելու համար իր կողմից վճարված գումարներն օրինական են: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում արտագնա աշխատանքում գտնվող մեր հայրենակիցները կամ որոշ ներդրողներ չեն կարողանալու ապացուցել իրենց գումարների ստացման օրինական աղբյուրները (90-ական թվականների համար գրեթե անհնար է լինելու ձեռք բերման աղբյուրի օրինականությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը): Լուրջ խնդիրներ են ունենալու նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք այդպիսի գույքերի գրավադրմամբ վարկեր են տրամադրել: Օրինագծի մյուս թերություններին ապագայում կանդրադառնամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ