«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին։
Դատական նախորդ նիստում քննիչը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել դատավորին, ինչը մերժվել է։
Բողոքի քննությունը շարունակվել է մարտի 6-ին։ Մեկուկես ժամ տևած նիստի ժամանակ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազը, որը, ի դեպ, քննիչի միջնորդությանը չէր միացել։
Ինքնաբացարկ կհայտնի՞ դատավոր Ազարյանը, թե ոչ, պարզ կդառնա մարտի 9-ին։
Համաձայն փաստաբան Հովհաննես Խուդոյանի, ակնհայտ անհիմն միջնորդություններով դատական նիստը ձգձգվում է՝ Արմեն Թավադյանին որքան հնարավոր է՝ երկար ժամանակ անազատության մեջ պահելու համար։
Հովհաննես Խուդոյանն ասաց, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ ոստիկանության հայտնի տեսանյութը՝ իբրև Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունք փոխելու առաջարկ անելու վերաբերյալ, իրականության խեղաթյուրում է։ Այն մոնտաժված է։ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ փորձ են անելու հասնել դատախազի և քննիչի նկատմամբ քրեական գործի հարուցմանը։
Հիշեցնենք՝ Արմեն Թավադյանը ձերբակալել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը