«Փաստինֆո»-ն գրում է․ «Կասկածանքն անհիմն է, որևէ փաստական և իրավական հիմք չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին առանձնապես խոշոր չափերի գույք վատնելու մեջ կասկածելու ՀՔԾ-ի հայտարարությանը։
Մեժլումյանը վստահեցնում է, որ Սեյրան Օհանյանը որևէ առնչություն չունի այն արարքին, որը վերագրվում է իրեն։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում և վաղը դատարանը պետք է հրապարակի՝ 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունների վերաբերյալ որոշումը։ Հարցին, թե արդյո՞ք որոշման հրապարակումից մեկ օր առաջ նման հաղորդագրություն տարածելու մեջ պաշտպանը միտում տեսնում է, Մեժլումյանն ասաց, որ կապի մասին ոչինչ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 2-ին, ՀՔԾ-ն հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին որպես կասկածյալ ներգրավվելու որոշման մասին։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սեյրան Օհանյանը կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը