26 02 2020

Ինչպես ճիշտ հասկանալ օրենքները․ կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար

Ինչպես ճիշտ հասկանալ օրենքները․ կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար

Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը:

«Համառոտ ուղեցույց ոչ իրավաբանների համար

Երբ օրենսդիրն օրենքում ամրագրում է, օրինակ, «Արգելվում է երկու հոգով մի հեծանիվ վարելը», ապա գոնե միջին մակարդակի իրավաբանն այս դրույթը կհասկանա այն իմաստով, որ արգելվում է մի հեծանիվ վարել նաեւ երեք, չորս, հինգ ․․․ հոգով։ Միջինից ցածր մակարդակի իրավաբանը նշված դրույթը կհասկանա տառացի, այն է՝ արգելվում է մի հեծանիվ վարել ՄԻԱՅՆ երկու հոգով, իսկ երեք, չորս, հինգ ․․․ հոգով մի հեծանիվ վարել կարելի է, որովհետեւ օրենսդիրը դա չի արգելել, նա արգելել է միայն երկուսով մի հեծանիվ վարելը։

Ոչ իրավաբանները բնականաբար շատ կզարմանան, թե ինչպես կարող է այսքան պարզ հայերեն միտքը տարակարծությունների տեղիք տալ։ Չէ որ ամեն ինչ պարզ գրված է։ Ուրեմն ինչո՞ւ պիտի երկու տարբեր իրավաբաններ միեւնույն միտքը տարբեր կերպ ընկալեն։

Իրենց հարցի պատասխանն ստանալու համար ոչ իրավաբանները պետք է իմանան ընդամենը հետեւյալը։ Օրենսդիրը յուրաքանչյուր իրավակարգավորում նախատեսում է միշտ մի ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿՈՎ։ Իր կարգավորումների միջոցով օրենսդիրը միշտ ձգտում է ինչ-որ նպատակի։ Չկան եւ չեն կարող լինել ուղղակի հենց էնպես, աննպատակ իրավանորմեր։ Հետեւաբար, իրավանորմի իմաստը ճիշտ հասկանալու համար անխուսափելիորեն պետք է պարզել նրա նպատակը՝ ինչո՞ւ է օրենսդիրը սահմանել այդ նորմը։

Եթե իմ ոչ իրավաբան ընկերներին հարցնեմ, թե բերված նորմի նպատակը որն է, ապա նրանք հաստատ կպատասխանեն՝ անվտանգության ապահովումը։ Չէ որ երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է ոչ միայն հեծանվորդների, այլ նաեւ երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության ու ընդհանրապես երթեւեկության անվտանգության համար։ Ով երբեւէ մեկ ուրիշի հետ մի հեծանիվ վարել է, գիտի, որ այդպես հեծանիվ վարելն անշուշտ ավելի դժվար է, հեծանիվն ավելի շատ է ճոճվում, ու շուռ գալու վտանգն ավելի մեծ է։

Գոնե միջին մակարդակի իրավաբանը գիտակցում է նորմի այս նպատակը եւ նորմին նայում նրա նպատակի լույսի ներքո։ Եվ նա կբացատրի՝ եթե երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է, ապա առավել եւս վտանգավոր է երկուսից ավել հոգով մի հեծանիվ վարելը։ Ուստի արգելված է նաեւ երեք, չորս․․․ հոգով մի հեծանիվ վարելը, թեեւ օրենսդիրն այդ մասին ոչինչ չի ասել։ Անգամ եթե նա չկարողանա գիտականորեն բացատրել, թե ինչ կանոնների հիման վրա նա հանգեց նման եզրակացության, միեւնույն է նրա ընկալումը ճիշտ է։

Գիտական բացատրությունը կտա միջինից բարձր մակարդակի իրավաբանը։ Նա կբացատրի, որ իր գործընկեր միջին մակարդակի իրավաբանի եզրակացությունը բխում է argumentum a fortiori տրամաբանական հետեւությունից, որը հայերենում արտահայտվում է «Եթե արդեն․․․, ապա առավել եւս․․․» ձևակերպմամբ։ «ԵԹԵ ԱՐԴԵՆ արգելված է երկուսով մի հեծանիվ վարելը (որովհետեւ դա վտանգավոր է), ԱՊԱ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ պիտի արգելված լինի երեք, չորս, հինգ․․․ հոգով մի հեծանիվ վարելը (որովհետեւ դա է՛լ ավելի վտանգավոր է)»։

Իսկ բարձրակարգ իրավաբանը կավելացնի, որ նշված հետեւությունը argumentum a fortiori-ի ընդամենը մի ենթատեսակն է՝ argumentum a minore ad maius ( = եզրակացություն ավելի փոքրից դեպի ավելի մեծը)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ