26 02 2020

«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը և դրա նշանակությունը ՀՀ-ում իրականացվող հանրաքվեի համար. Դավիթ Հարությունյան. Pastinfo.am

«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը և դրա նշանակությունը ՀՀ-ում իրականացվող հանրաքվեի համար. Դավիթ Հարությունյան. Pastinfo.am

Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հոդվածում։

Կից հոդվածն ամբողջությամբ՝

Ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի տեսանկյունից, որով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018թ․ ապրիլը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, չափազանց կարևոր է տեղեկցված լինել ՄԻԵԴ-ի կողմից «Բական ընդդեմ Հունգարիայի» գործով կայացված որոշմանը։ Դրանով Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։

Ստորև կներկայացնեմ այդ որոշման հետ կապված որոշ կարևոր դրվագներ և իմ եզրահանգումները։

Գործի փաստական հանգամանքները

1. 2010թ. Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2 քաղաքական ուժ, կազմելով կոալիցիա, դարձավ խորհրդարանական մեծամասնություն և ձեռնամուխ եղավ դատական բարեփոխումների իրականացմանը:

2. Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ Անդրաս Բական, ով այդ պաշտոնին Հունգարիայի խորհրդարանի կողմից նշանակվել էր 2009-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2015 թվականը (6 տարի), հանդես եկավ այդ բարեփոխումների հետ կապված քննադատություններով:

3. 2011թ. Հունգարիայի խորհրդարանն ընդունեց «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի փոփոխությունները և սահմանադրական փոխոխությունները, համաձայն որոնց՝ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից դադարեցվելու էին Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները:

4. Վերոհիշյալ փոփոխությունների հիմքով, 2012թ. հունվարի 1-ին` երեքուկես տարի ավելի շուտ, քան նախատեսված էր իր ընտրվելու ժամանակ գործող օրենսդրությամբ, դադարեցվեցին Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ պարոն Բակայի լիազորությունները և նա շարունակեց պաշտոնավարել միայն որպես Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ:

5. Պարոն Բական (այսուհետ` Դիմումատու) դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` ՄԻԵԴ) իր իրավունքների խախտումը ճանաչելու հայցով:

6. Դիմումատուն պնդում էր, որ զրկված է եղել իր լիազորություների վաղաժամ դադարեցումը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից, քանի որ իր ազատումը կատարվել է սահամանադրական մակարդակում ամրագրված նորմի հիման վրա, որը զրկել է նրան այդ նորմը թեկուզ սահմանադրական դատարանում բողոքարկելու հնարավորությունից:

7. Դիմումատուն նաև նշում էր, որ իր ազատումը պայմանավորված է իր հայացքներով և իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկված՝ դատական համակարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների՝ իր կողմից կատարված քննադատությամբ:

ՄԻԵԴ դիրքորոշումը

1. ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է, որ Դիմումատուն ընտրվել էր Գերագույն դատարանի նախագահ Սահմանադրության և դրանից բխող «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի համաձայն: Նշված օրենքով հստակ և սպառիչ կերպով սահմանված էին եղել այն դեպքերը, երբ հնարավոր է նախագահի պաշտոնավարության վաղաժամկետ դադարեցում, այն է` կողմերի համաձայնությամբ, հրաժարականի, պաշտոնից հեռացվելու, պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքերում: Այս ամենից ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Դիմումատուն իրավունք ուներ պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը կամ օրենքով սահմանված դեպքերում լիազորությունների վաղաժամ դադարելը: ՄԻԵԴ-ը նշել է, որ Դիմումատուի՝ մինչև օրենքով սահմանված ժամկետի լրանալը, պաշտոնավարելու իրավունքը հիմնավորվում էր նաև Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանների անկախության և դատավորների անփոփոխելիության սկզբունքներով:

2. ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է՝ չնայած նրան, որ Դիմումատուն շարունակել է պաշտոնավարել որպես քաղաքացիական պալատի նախագահ, նա հեռացվել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնից երեքուկես տարի ավելի շուտ, ինչը «դժվար թե համահունչ լինի դատական իշխանության հատուկ էությանը` որպես պետական իշխանության առանձին ճյուղ, ինչպես նաև դատավորների անփոփոխելիության սկզբունքին, որը ՄԻԵԴ նախադեպային իրավունքով և միջազգային իրավունքով ճանաչվել է որպես դատական իշխանության անկախության էական բաղադրատարր»:

3. Դիմումատուի լիազորությունները դադարեցվել էին Սահմանադրության փոփոխությունների ուժով՝ անցումային դրույթներով , ինչն էլ Դիմումատուին զրկել էր այդ նորմերը որևիցե դատական ատյանում, անգամ Սահմանադրական դատարանում, բողոքարկելու հնարավորությունից: ՄԻԵԴ-ը իր վճռում հիշեցնում է, որ դատարան դիմելու իրավունքը, այն է՝ դատարաններում քաղաքացիական վարույթ հարուցելը, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքի բնորոշ տարր է, որը սահմանում է դատարանի կազմավորման, կազմի և քննության իրականացման երաշխիքներ: Դիմումատուի դատարան դիմելու իրավունքը չապահովելու արդյունքում՝ պետությունը թույլ է տվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի` արդար դատաքննության իրավունքի խախտում:

4. ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պետությունը չի կարողացել հիմնավորված կերպով ցույց տալ, որ Դիմումատուն պաշտոնից հեռացվել է բարձրագույն դատական մարմնի բարեփոխումների համատեքստում և համաձայնել է Դիմումատուի հետ, որ նրա պաշտոնից ազատումը կապված է եղել վերջինիս հայացքներով և դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ արտահայտած քննադատությամբ:

5. Հաշվի առնելով վերոգրյալը` ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Դիմումատուին պաշտոնից վաղաժամ հեռացնելը առաջացրել է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտում:

6. ՄԻԵԴ-ը նաև գտել է, որ Դիմումատուին պաշտոնից հեռացնելը ունեցել է «կանխարգելիչ» նշանակություն, քանի որ դրանով սահմանափակվել է ոչ միայն Դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքը, այլև դա կարող էր նաև խոչընդոտել մյուս դատավորների և դատարանների նախագահների` հետագայում դատական համակարգի հետ կապված փոփոխությունների և առհասարակ դատական իշխանության անկախության մասին ազատորեն արտահայտվելուն:

7. Հիշատակման են արժանի նաև ՄԻԵԴ վճռում վկայակոչվող մի շարք եվրոպական կառույցների դիրքորոշումներ, մասնավորապես․

• Վենետիկի հանձնաժողովը Հունգարիայի սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին իր կարծիքում նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթները չպետք է օգտագործվեն նախորդ Սահմանադրությամբ նշանակված կամ ընտրված անձանց պաշտոնավարումը դադարեցնելու համար (9):

• Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2013թ. հրապարակել է զեկույց (10)՝ պահանջելով իրականացնել դիտակումներ Հունգարիայի նկատմամբ: Զեկույցում կրկին քննադատվում է խտրական վերաբերմունքը, որը դրսևորվել էր Դիմումատուի նկատմամբ: Շատերի կողմից այս կարգավորումները դիտարկվեցին որպես միջոց՝ ազատվելու Գերագույն դատարանի նախագահից, ով հանդես էր եկել մի շարք քննադատություններով՝ կապված դատական իշխանության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հետ (11):

• Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նշել է (12). «Հունգարիայում իրականացվող քայլերը կարող են խաթարել դատական համակարգի անկախությունը: Հանձնակատարը նաև ցավով արձանագրել է Գերագույն դատարանի նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին` ընդգծելով դատական համակարգի քաղաքական անհարկի միջամտություններից պաշտպանված լինեու անհրաժեշտությունը»:

Եզրահանգումներ Հայաստանի համար

Հայաստանի սահմանադրական դատարանի կազմը որևէ կերպ փոփոխելուց առաջ պետք է հաշվի առնվի, որ․

• Հունգարիայի իշխանությունների կողմից նման փորձը ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է որպես ՄԻԵԿ երկու հոդվածների խախտում և ավելին՝ արժանացել է բազմաթիվ քննադատությունների միջազգային կառույցների կողմից:

• Ընդ որում, ի տարբերություն Հայաստանում առաջարկվող փոփոխությունների, Հունգարիայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում Գերագույն դատարանի նախագահը չէր հեռացվել դատական համակարգից, այլ շարունակել է պաշտոնավարել որպես Բարձրագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ:

• ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն փոփոխությունները, որոնք ուղղված են կոնկրետ անձանց դեմ և նպատակ ունեն հեռացնել վերջիններիս իրենց զբաղեցրած պաշտոններից կամ սահմանել համապատասխան պաշտոնի համար այնպիսի համատեղելիության պահանջներ, որոնք անհնարին են դարձնում նրանց պաշտոնավարումը կամ կրկին ընտրվելու հնարավորությունը, համատեղելի չէ դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սկզբունքների հետ:

Թեև Հունգարիայի իշխանությունները որպես փաստարկ բերում էին այն, որ Դիմումատուն հեռացվել է պաշտոնից դատական համակարգի բարեփոխումների համատեքստում, ՄԻԵԴ-ի կողմից այն չի ընդունվել: ՄԻԵԴ-ը, չունենալով մանդատ, որով հստակ կարձանագրեր Հունգարիայի իշխանությունների կողմից դատական իշխանության անկախության միջամտություն, այնուամենայնիվ բազմաթիվ դեպքերում բարձրաձայնել էր նման դրսևորումների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ