12 02 2020

ՀՔԾ-ն թաքցնում է Կոստանյանի օգտին ցուցմունքները․ փաստաբանները բողոքել են․News.am

ՀՔԾ-ն թաքցնում է Կոստանյանի օգտին ցուցմունքները․ փաստաբանները բողոքել են․News.am

News.am-ը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանները դատական կարգով բողոքարկել են ՀՔԾ-ի եւ Դատախազության որոշումները, որով փաստաբաններին մերժել են տրամադրել Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեւորգ Կոստանյանի պաշտպանական խմբի անդամ Գեւորգ Գեւորգյանը։

«Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր պարոն Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածը, ուստի միջնորդել ենք մեր ծանոթացմանը ներկայացնել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Ընդ որում՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է նաեւ պաշտպանության իրավունքի իրականացումը: Բացի այդ, մրցակցային դատավարության ապահովումն անհնար է, եթե մեղադրյալը տեղյակ չէ, թե ինչ անօրինական արարքի կատարման մեջ է մեղադրվում եւ ինչ ապացույցների հիման վրա, իսկ քննարկվող դեպքում պաշտպանական կողմը տեղեկացված չէ Գեւորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքի մասին, հետեւաբար, յուրաքանչյուր անձ, տեղեկացված չլինելով իրեն մեղսագրված արարքն ապացուցող տվյալների մասին, արդյունավետ չի կարող պաշտպանվել»:

Փաստաբանն ընդգծեց, որ պահանջվող տեղեկությունները նախաքննության գաղտնիք չեն կարող համարվել․ «Քանի որ ՀՀ ՀՔԾ-ն արդեն իսկ միակողմանի հրապարակել է այս գործում առկա որոշ ապացույցներ: Ավելին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ըստ էության թաքցնում է Գեւորգ Կոստանյանի օգտին տրված ցուցմունքները եւ նրա մեղավորությունը բացառող այլ ապացույցներ, այդ իսկ պատճառով պարոն Կոստանյանի պաշտպանական թիմը, ղեկավարվելով մի շարք միջազգային նորմերով եւ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետով, Գ.Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ներկայացնելուց հրաժարվելու մասին վարույթն իրականացնող մարմնի անհիմն ու ապօրինի որոշումը բողոքարկել է դատական կարգով»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

Ավելի վաղ հայտնել էինք , որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:

Հայտարարությունից հետո ՀՔԾ-ն նույնպես տարածեց հայտարարություն, թե Կոստանյանն այդ կերպ պատրվակ է ստեղծում խուսափելու պատասխանատվությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ