17 05 2024

Փաստաբանները գործադուլ կանեն

Փաստաբանները գործադուլ կանեն

Այսսօր, 2024 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրայնել է դրա խնդրահարույց լինելը: Այս մասին ասվում է Փաստաբանների պալատի տարածած հայտարարությունում:

«Նախագծի ընդունման արդյուքում․

– Շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները.

– Կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.

– Անհամեմատ կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների քանակը, որն էլ իր հերթին ավելացնելու է պետության ֆինանսական պարտավորության բեռը.

– Էականորեն կնվազի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:

Պետք է փաստել, որ ՀՀ փաստաբանների պալատը Նախագծի խնդրահարույց ասպեկտների մասով առարկությունները և դիտողությունները, ի թիվս այլ մարմինների ներկայացրել էր նաև ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովին:

Դիտարկումների փաթեթը ներկայացվել էր նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով Նախագիծը քննարկելիս հաշվի առնել ներկայացվածը և ՀՀ փաստաբանների պալատին մասնակից դարձնել տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին:

Սակայն, ՀՀ փաստաբանների պալատը չհրավիրվեց Հանձնաժողովի նիստին, իսկ նիստի ընթացքում էլ հայտարարվեց, թե իբր Նախագծի առնչությամբ դիտարկումներ չեն ներկայացվել:

Հաշվի առնելով, որ Նախագիծը ԱԺ ներկայացվել է անհետաձգելի ընթացակարգով և սեղմ ժամկետում այն ներկայացվելու է Ազգային Ժողովի լիագումար նիստի քննարկմանը, ուստի նկատի ունենալով ս.թ. մայիսի 16-ին ակումբի նիստով ընդունված հայտարարության կենսագործման անհրաժեշտությունը՝

2024 թվականի մայիսի 21-ին ՀՀ փաստաբանները ձեռնամուխ կլինեն բողոքի ակցիայի իրականացմանը՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: Նշված օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս»,-Փաստաբանների պալատի հայտարարությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ