10 02 2020

3-րդ տարբերակ եղել է․ սահմանադրագետը հակադարձում է նախագահականին

3-րդ տարբերակ եղել է․ սահմանադրագետը հակադարձում է նախագահականին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների մասին հրամանագիրը ստորագրելու փոխարեն կարող էր այլընտրանքային տարբերակ ընտրել, սակայն, ամեն դեպքում, ստորագրեց այն` հանրաքվեն նշանակելով ապրիլի 5-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Հանրապետության նախագահի աշխատակազմը պարզաբանում է տարածել առ այն, որ, քանի որ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» իրավական ակտն Ազգային ժողովի որոշում է, ոչ թե օրենք, Հանրապետության նախագահը կարող էր ընդամենը ստորագրել կամ չստորագրել այն:

Չստորագրելու պարագայում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի համաձայն միևնույն է՝ հանրաքվեն համարվելու էր նշանակված: Այնուհետև տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահն ամեն դեպքում ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Նախագահի աշխատակազմին պրո-բոնո հիմունքներով մասնագիտական աջակցությունս եմ հայտնում՝ տեղեկացնելով, որ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է սահմանադրության, ով իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանվում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան կարող է դիմել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում, այն է՝ օրենքների, ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Այնպես որ, նախագահն ակնհայտորեն 3-րդ այլընտրանքային տարբերակն էլ ուներ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում, երբ վերոնշյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է սահմանադրական կարգավորումների և իրավական ընթացակարգերի բացահայտ ոտնահարմամբ, ինչի վերաբերյալ արձագանքել էր Եվրոպայի խորհուրդը, բարձրաձայնում էր խորհրդարանական ընդդիմությունը, և նախագահին իր մտահոգությունն էր ներկայացրել իրավական համայնքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ