05 02 2020

Ընդդիմադիրների դեմ ոստիկանների գործողություններն անհիմն են․ ԱՀԽ

Ընդդիմադիրների դեմ ոստիկանների գործողություններն անհիմն են․ ԱՀԽ

Քաղաքական իշխանության նկատմամբ քննադատություններ հնչեցնող անձանց բերման ենթարկելու (ձերբակալելու) ոստիկանության գործողություններն անցել են օրինականության, ողջամտության, տրամաբանության բոլոր սահմանները:

Ահազանգերի քողի ներքո ոստիկանությունը կիրառում է այնպիսի միջոցներ, որոնք հատում են անձանց արժանապատվության, ֆիզիկական ազատության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և Սահմանադրությամբ երաշխավորված մարդու այլ իրավունքների պաշտպանության սահմանները:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը (ԱՀԽ), ուսումնասիրելով հանրային և քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, գործարար Ռուբեն Հայրապետյանին և մյուսներին բերման ենթարկելու (փաստացի ձերբակալելու) այսօրինակ գործողությունները, փաստում է, որ նշված բոլոր դեպքերում ոստիկանության կողմից անձանց ֆիզիկական ազատությունից զրկելը պատճառաբանվել է ապօրինի զենք կամ թմրանյութ ունենալու կամ պահելու կասկածանքով՝ հիմնված անհայտ ահազանգերի վրա:

Արձանագրում ենք, որ ոստիկանության կողմից մինչ օրս չեն ներկայացվել այնպիսի պատճառաբանություններ կամ հիմքեր, որոնք կարող էին վկայել այդ գործողությունների իրավաչափության մասին: Հակառակը` ձերբակալման յուրաքանչյուր նոր դեպքի առնչությամբ ներկայացված պարզաբանումները ևս մեկ անգամ հաստատում են, որ նշված անձանց ֆիզիկական ազատությունը սահմանափակելու ոստիկանության բոլոր գործողություններն անհիմն կամ անհամաչափ են և ունեն քաղաքական դրդապատճառներ:

ԱՀԽ-ն դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Դավիթ Ափոյանի ազատությունը սահմանափակելու մասին» հայտարարությամբ նշել էր, որ անձի նկատմամբ այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք զուգորդվում են անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ (տվյալ դեպքում` ազատության սահմանափակմամբ), կարող են կատարվել քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ ձերբակալման կամ բերման ենթարկելու դատավարական գործողությունների միջոցով:

Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ էինք արել անհապաղ հանրությանը համոզիչ կերպով ներկայացնել անձի նկատմամբ ազատության իրավունքը սահմանափակող գործողության իրականացման օրինական պատճառները և ձեռնաշղթաներ կիրառելու անհրաժեշտությունը:

Ոստիկանությունը, ցավոք, չհետևեց մեր կոչին: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանությունը մինչ օրս չի արձագանքել բազմաթիվ իրավապաշտպանների կողմից այս հարցի առնչությամբ ներկայացված առաջարկին, այդպիսով չընդունելով իրավապաշտպանների հետ հանդիպումը, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ, միանալով «Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությանը, պահանջում ենք հանդիպում ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հետ:

Հաշվի առնելով նաև այն փաստը, որ վերը թվարկված անձանցից որևէ մեկի մոտ չի հայտնաբերվել ապօրինի պահվող որևէ առարկա, ՀՀ ոստիկանությանը հորդորում ենք իրականացնել ահազանգերի հեղինակներին (եթե այդպիսիք կան) հայտնաբերելուն և պատասխանատվության ենթարկելուն ուղված անհրաժեշտ և պարտադիր գործողություններ (ոստիկանությունում ձայնագրվում են նաև հեռախոսային խոսակցությունները):

Ապօրինի բերման ենթարկված անձանց հորդորում ենք նախաձեռնել անհրաժեշտ իրավական գործընթացներ` ոստիկանության կողմից թույլ տրված բազմաթիվ օրինախախտումները բացահայտելու, ձեր խախտված իրավունքները վերականգնելու և ձեր կրած բարոյական ու ֆինանսական վնասների փոխհատուցումներ ստանալու ուղղությամբ: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը քաղաքական իշխանությանը և ոստիկանությանը խորհուրդ է տալիս այսուհետ զերծ մնալ ընդդիմախոսների նկատմամբ ոստիկանական ուժերի անհիմն և անհամաչափ գործադրումից, ինչի հետևանքով հանրության մոտ առաջանում է հիասթափություն, պետական իշխանության նկատմամբ վստահության անկում:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ