05 02 2020

Անդրանիկ Քոչարյանի ասածը մեկնաբանելն իմ պատվից ցածր է․ Կոստանյան․ Փաստինֆո

Անդրանիկ Քոչարյանի ասածը մեկնաբանելն իմ պատվից ցածր է․ Կոստանյան․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Ինքներդ հետեւություններ արեք, ես իմ հայտարարության մեջ էլ եմ ասել, որ իրենք ընտրել են հրապարակային ֆորմատը եւ ըստ նպատակահարմարության թաքնվում են նախաքննական գաղտնիքի տակ, երբ իրենց հարմար չէ։ Թե որն է այդ երկակի ստանդարտներ կիրառելու պատճառը, կարծում եմ ճիշտ կլինի հարցնեք հասցեատերերին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ հրապարակային քննարկում անցկացնելու իր առաջարկին իշխանության անհամաձայնությանը այն դեպքում, երբ այլ քրեական գործերով, ըստ էության իշխանությունները նախաքննական գաղտնիքը խնդիր չեն համարում։

Մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի շուրջ Հանրային Հ/Ը –ն պատրաստած աղմկահարույց ռեպորտաժը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր տարածել իր ֆեյսբուքյան էջով։

Մեր հարցին, թե արդյո՞ք Գեւորգ Կոստանյանն ակնկալում է, որ վարչապետ Փաշինյանը կարձագանքի իր առաջարկին, նախկին գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես առաջարկս արել եմ, մնացածը իշխանությունները թող որոշեն»։

Անդրադառնալով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Գեւորգ Կոստանյանը մարտի 1-ի գործով շատ ասելիք ունի նախաքննական մարմնին, Կոստանյանն ասաց, որ վերջինիս հայտարարություններին անդրադառնալն իր պատվից ցածր է համարում։

«Անդրանիկ Քոչարյանին ես ընդհանրապես չեմ դիտարկում որպես իրավահարաբերության սուբյեկտ, հետեւաբար, որեւէ մեկնաբանություն անելը ինձ համար իմ պատվից ցածր եմ համարում։ Ցանկացած իրավաբան չի կարող իրեն թույլ տալ մասնագիտական հարցերով որեւէ քննարկման մեջ մտնել ոչ միայն ոչ իրավաբանի հետ, այլեւ այն անձի, ով կարող է իրեն թույլ տալ փողոցում որոշել՝ բանակում կատարված դեպքը ինքնասպանությո՞ւն է, թե ոչ»,-ասաց Գեւորգ Կոստանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ