168.am-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ ՍԴ նախագահի պարտականությունները կատարողը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահ. «Խոսում է խրամատներից, ինչն արդեն քաղաքական տեքստ է, և որպես ենթադրյալ թշնամիներ՝ ներկայացվում ենք մենք: Վերջերս Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում մենք ականատես եղանք, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն էր տրամադրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան:
Հաջորդը՝ Հրայր Թովմասյանը ներկայանում է՝ որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ: Նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար, սա վկայությունն է այն բանի, որ ի հակառակ իշխանությունների ջանքերի՝ տեղի է ունեցել հակառակը հենց դատարանի կողմից»։
168.am-ի հետ զրույցում Արամ Օրբելյանը պնդեց, որ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում հայտնված տեղեկությունն իրականությանը չի համապատսախնում։
«2019 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ես Սահմանադրական դատարանում որևէ կարգավիճակում չեմ եղել։ Առաջին անգամ ռեպորտաժից եմ իմացել, որ նման գործ կա, չեմ հարցաքննվել, ինձ որևէ հարցում չի արվել, ինձանից որևէ բան չի պարզաբանվել։ Նոր եմ դիմել, որպեսզի ստանամ փաստաթղթերի պատճենները,որպեսզի հասկանամ՝ կա՞ նման բան, թե՞ ուղղակի Հանրայինը որևէ բանի վրա հղում է անում»,- ասաց Արամ Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը Սահմանադրական դատարանում եղած ժամանակ, ՍԴ-ում, այն էլ մի քանի անգամ, չի եղել, եղել է դրանից առաջ, բայց ոչ՝ որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպան։ Իր ՍԴ գնալն էլ չի թաքցրել և գաղտնի չի այցելել, գնացել է հիմնական մուտքով, ներկայացրել է անձը հաստատող փաստաթուղթ՝ առնվազն այն ծավալով, ինչ ներկայացնում է այլ գերատեսչություն գնալիս։
Հարցին՝ Լիլիթ Մակունցը Ռոբերտ Քոչարյանի օրինակը բերելով՝ արդյո՞ք չի հաստատում այն պնդումները, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական բնույթ է կրում, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում իրենք ականատես են լինում ապացուցողական գլուխգործոցների։
«Տիկին Մակունցը հղում է անում Հ1-ի հաղորդմանը, որտեղ էլ հղում են արել ԱԱԾ-ի նախապատրաստած նյութերում ինչ-որ տեղեկությունների, այսինքն՝ մոտավորապես երրորդ ձեռք տեղեկատվությունը հավաստիանում է։ Ես կստանամ նյութերը, հուսով եմ՝ ինձ կտրամադրեն, քանի որ օրենքով նախատեսված է, որպեսզի տրամադրվի, որից հետո կկարողանամ ավելի հստակ ասել։ Մանկական խաղ կա՝ կոչվում է «փչացած հեռախոս», որի ժամանակ տեղեկատվությունը մեկը մյուսին փոխանցելով՝ գնում են, այսինքն՝ մենք տեսնում ենք մի ցիկլ, որտեղ ապացուցողական որևէ գործընթաց չկա։
Չեմ ուզում որևէ գնահատական տալ պարոն Թովմասյանի գործունեության հետ կապված, ես ունեմ իմ կարծիքը, բայց հիմա ինչ կարծիք էլ ասեմ, շահարկելու են Հրայր Թովմասյանի հետ քավոր-սանիկական կապը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպան լինելու հանգամանքը, այդ պատճառով էլ գնահատական չեմ տա»,- եզրափակեց Արամ Օրբելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը