02 02 2020

Մաղթում եմ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում․ Գոռ Հովհաննիսյան

Մաղթում եմ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում․ Գոռ Հովհաննիսյան

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը գրում է․

«Ինչո՞ւ է պարտադիր միջազգային պայմանագրերի և Սահմանադրության փոփոխությունների նախնական սահմանադրական վերահսկողությունը (անգամ եթե դա Սահմանադրության մեջ բառացիորեն նշված չլիներ)

1. Միջազգային պայմանագրերի մասով

Եթե պետությունը վավերացնի միջազգային պայմանագիրը՝ առանց նախապես դրանով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը ՍԴ-ի կողմից ստուգվելու, ապա դրանց հակասահմանադրականության դեպքում կկանգնի հետևյալ լուրջ պրոբլեմի առաջ։

Միջազգային իրավունքում պետությունն իրավունք չունի հրաժարվելու իր միջազգային իրավական պարտավորությունների կատարումից՝ վկայակոչելով դրանց հակադրվող ազգային իրավունքը։ Հրաժարվելու դեպքում կենթարկվի միջազգային իրավական սանկցիաների։

Արդյունքում պետությունը կհայտնվի անելանելի վիճակում. կա՛մ պիտի կատարի իր միջազգային պարտավորությունները և դրանով անխուսափելիորեն խախտի Սահմանադրությունը, կա՛մ հարգի Սահմանադրությունը և ենթարկվի միջազգային իրավական սանկցիաների։ Նման հիմար վիճակում չհայտնվելու համար պետք է ուղղակի նախապես դիմել ՍԴ։

Համեմատություն գերմանական իրավունքի հետ. գերմանական սահմանադրական իրավունքում գոյություն չունի իրավանորմերի նախնական վերահսկողություն։ Բայց Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն օրենքով որևէ տեղ չնախատեսված բացառություն է անում միջազգային պայմանագրերի համար վերևում նշված անելանելի հիմար վիճակից խուսափելու համար։

2. Սահմանադրության փոփոխությունների մասով

Երբ օրենսդիրն օրենք է փոփոխում, ապա նա կաշկանդված է Սահմանադրությամբ։ Օրենքի ցանկացած փոփոխություն, որը հակասում է Սահմանադրությանը, անվավեր է (սա գիտեն բոլորը)։ Սահմանադրությունը փոփոխելիս առաջին հայացքից կարծես ոչնչով կաշկանդված չենք, ախր հենց Սահմանադրությունն ենք փոփոխում. Սահմանադրությունից բարձր ուրիշ ակտ չկա երկրում։

Բայց դա միայն առաջին հայացքից է այդպես։ Սահմանադրության փոփոխությունները նույնպես սահմաններ ունեն, ամեն ինչ չի կարելի փոխել Սահմանադրության մեջ։ Եվ այդ սահմանները գծում են Սահմանադրության անփոփոխելի դրույթները։ Դրանք ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան Սահմանադրության մյուս նորմերը։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունները, որոնք հակասում են այդ անփոփոխելի դրույթներին, նույնպես անվավեր են։

Եթե պետությունը փոփոխի Սահմանադրությունը առանց ՍԴ-ում նախապես ստուգել տալու այդ փոփոխությունների սահմանադրականությունը (էս դեպքում համապատասխանությունը միայն անփոփոխելի դրույթներին), ապա այդ փոփոխությունների հակասահմանադրականության դեպքում կրկին կհայտնվի վերին աստիճանի հիմար վիճակում։ Այդ հակասահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահից կդառնան գործող սահմանադրական իրավունք, որոնցով կաշկանդված կլինեն բոլոր պետական մարմինները։ Արդյունքում կունենանք հակասահմանադրական սահմանադրական իրավունք: Պետական մարմինները ստիպված են լինելու կիրառել այդ հակասահմանադրական սահմանադրական նորմերը՝ խախտելով Սահմանադրության անփոփոխելի դրույթները, որոնք կազմում են մեր պետության ողնաշարը։ Հետևաբար, չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելը առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու։

Ավելին, հնարավոր չի լինի ազատվել այդ հակասահմանադրական սահմանադրական դրույթներից նաև հետագա վերահսկողության միջոցով։ Նախ՝ գոյություն չունի գործող սահմանադրական նորմերի սահմանադրականության ստուգման վարույթ։ Երկրորդ՝ քանի որ ՍԴ-ն ինքը կաշկանդված է Սահմանադրությամբ, ապա նա չի կարողանա հակասահմանադրական ու անվավեր ճանաչել այն նորմերը, որոնցով ինքը կաշկանդված է։ Արդյունքը՝ պետական ինքնասպանություն։

Ո՞րն է այս ամենի տրամաբանական հետևությունը. ոչ մի նշանակություն չունի, թե սահմանադրությունը պահանջում է նախնական վերահսկողություն, թե ոչ, դա պարտադիր է, նախ, ըստ տարրական տրամաբանության եվ հետո՝ պետական անվտանգության շահերից ելնելով։

Մաղթում եմ Ձեզ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ