16 01 2020

ՀՔԾ դիրքորոշումն է խոչընդոտներ ստեղծել քննության համար․ ՍԴ նախագահի պաշտպան

ՀՔԾ դիրքորոշումն է խոչընդոտներ ստեղծել քննության համար․ ՍԴ նախագահի պաշտպան

Tert.am-ը գրում է․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող գործով քննչական գործողությունների, բողոքների և այլ հարցերի վերաբերյալ Tert.am-ը զրուցեց նրա պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան, հաշվի առնելով այն, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահն է, արդյոք նախաքննական մարմնի հետ համաձայնեցվո՞ւմ են քննչական գործողությունների իրականացման ընթացակարգը, այս հարցում պայմանավորվածությունները պահպանվո՞ւմ են։

-Մեր գնահատմամբ ինչ-որ չի ստացվում աշխատել Հատուկ քննչական ծառայության քննիչի հետ։ Օրինակ, հրավիրվում ենք քննչական գործողության, համապատասխան հիմքերով տվյալ քննչական գործողությունը հետաձգվում է և այդ ժամանակ հայտնում ենք, թե կոնկրետ երբ կարող ենք ներկայանալ քննչական գործողության՝ ՀՔԾ-ում և որ ժամերին կոնկրետ զբաղվածություն ունենք, թե՛ մենք, թե՛ պարոն Թովմասյանը, մանավանդ որ նա, ի վերջո, պետք է նաև ապահովի ՍԴ-ի բնականոն գործունեությունը։

Հիմա անցնում է շատ կարճ ժամանակ և մեզ ծանուցում են, որ հենց կոնկրետ այն օրը, որի վերաբերյալ ասել ենք, որ այլ զբաղվածություն ունենք, հենց այդ օրը կանչում են քննչական գործողության։

-Իսկ ո՞րն է այդպես անելու նպատակը։

-Չգիտեմ, գուցե ինքնադրսևորման ձև է, կամ վարույթն իրականացնող մարմինը կոնկրետ քննիչը փորձում է... ակնհայտ է, որ կոնկրետ այդ որոշումները՝ ոչ հարմար ժամերին կանչելու վերաբերյալ, չեն կայացվում ՀՔԾ քննիչի կողմից, դա ընդհանուր դիրքորոշում է ՀՔԾ-ի կողմից, խոչընդոտներ ստեղծել, որպեսզի այս քրեական գործը քննվի։ Չենք կարողանում հասկանալ, թե ինչ միտումով են դա դրդված կատարում։ Ցայտուն օրինակ. քննչական գործողությունն ընդհատվում է, մենք նշում ենք, որ այդ քննչական գործողությունը սկսելու համար ամեն մեկս ունենք մեր ծանրաբեռնվածությունը։ Անցնում է մի երկու-երեք ժամ, ստանում ենք ծանուցագիր, որ հենց այդ անհարմար պահին պետք է իրականացվի քննչական գործողություն։

-Գուցե այդպես է արվում, որպեսզի չկարողանաք ներկայանալ և հետագայում այդ փաստն օգտագործե՞ն։

-Ես չեմ կարող պայծառատեսությամբ զբաղվել, բայց այս պահին քննիչի կողմից կայացված՝ տրամաբանությունից դուրս բազմաթիվ դրվագներ ենք տեսել։ Չենք կարողանում հասկանալ պատճառը, որովհետև այն տրամաբանությանը չի ենթարկվում։ Ես կարծում եմ, որ ՀՔԾ-ն պետք է վերադառնա աշխատանքային միջավայր, հաշվի առնելով նաև պարոն Թովմասյանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մենք երբևէ չենք խուսափում մեր դատավարական պարտականություններից, բայց նաև քաջ գիտակցում ենք, որ ունենք դատավարական իրավունքներ, ընդ որում՝ պարոն Թովմասյանն ավելի լուրջ երաշխիքներով է ապահովված Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով։ Այդ երաշխիքները պատահական չէ, որ սահմանված են, քննիչը նաև իր գործողությունները կատարելով պետք է գիտակցի, որ ինքը ևս ունի պարտականություններ և խստորեն պետք է պահպանի օրենսդրական պահանջները։

Ես ձեզ մեկ օրինակ կարող եմ ներկայացնել. կոնկրետ օրը ես հնչեղություն ունեցող գործով դատական նիստի էի, խնդրել էի այդ օրն այդ ժամին քննչական գործողություն չիրականացնել, քննիչն այդ ժամին փորձում էր քննչական գործողություն իրականացնել։ Ի՞նչ գնահատական տաս այս ամենին։

-Իսկ ընդհանուր գործով ի՞նչ է արել պաշտպանական կողմը բացի քննչական գործողություններից։

-Բողոքներ են ներկայացվել, որոնք կքննվեն դատարաններում ու համապատասխան իրավապահ մարմինների կողմից։

-Չե՞ք հրապարակում, թե ինչ բողոքներ են։

-Ոչ, որովհետև քննելու ձևաչափը չունենք, պարզապես ասեմ, որ այն լուրի հետ կապված, թե ԲԴԽ-ում վեց դատավորի հետ կապված ժողով է տեղի ունեցել, որոշվել է, թե Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործերով ով կարող է որոշումներ կայացնել։ Մեր գնահատմամբ՝ այստեղ ապօրինի գործողություններ են տեղի ունենում, եթե այս գործողությունները ճիշտ են ու եթե դա այդպես է, ապա դրանք ակնհայտ հանցագործության հատկանիշներ են պարունակում, մենք ամեն դեպքում քննարկում ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մասին տարբերակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ