168.am-ը գրում է․ «2019թ. դեկտեմբերի 4-ին դատարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց՝ այդպիսով բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին, հայտնի էր դարձել, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։ Ընդ որում, ՀՔԾ-ն ձեռնպահ էր մնում հրապարակայնացնել, թե ինչ հոդվածով է Գ.Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի դեկտեմբերի 4-ի որոշումը։ Բողոքի քննարկումից հետո դեկտեմբերի 26-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, իսկ դեկտեմբերի 30-ին հրապարակել վճիռը, համաձայն որի՝ նախկին գլխավոր դատախազի կալանքը չի բեկանվելու:
168.am-ի հետ զրույցումնախորդ տարեվերջին Գևորգ Կոստանյանն ասել էր, որ իրավապահ մարմիններն ընդամենը նախատոնական շոու են ուզում կազմակերպել, որի մասնակիցն ինքը չի լինելու:
«Իրենք ներգրավում են հնչեղ անուններ ունեցող մարդկանց, ստեղծում են իրավիճակ, թե իբրև չեն գալիս, ու հետախուզում են հայտարարում, այնինչ կարող են չստեղծել ու ապահովել բոլոր սովորական պայմանները, որ մարդը գա, ու քննությունն իրականացնեն, որովհետև հետախուզման դեպքում մարդը չի գալիս (ո՞վ կուզենա էտապով գալ Հայաստան), և դրանով իրենք ուզում են ցույց տալ, թե՝ «այ, տեսեք, այսքան մարդ հետախուզման մեջ է, եթե իրենք գային, ասեին, մենք կբացահայտեինք»,- ասել էր Գևորգ Կոստանյանը:
168.am-ը այսօր կրկին փորձեց կապ հաստատել նախկին գլխավոր դատախազի հետ, ի դեպ, նույն այն հեռախոսահամարով, որով միշտ զրուցել ենք նրա հետ: Ցանկանում էինք իմանալ՝ արդյո՞ք վերջինս փոխել է իր բնակության հասցեն, հեռախոսահամարը, աշխատանքի վայրը, և արդյո՞ք դրանք հայտնի են նախաքննական մարմնին: Ենթադրվում էր, որ մեզ չի հաջողվի խոսել Գևորգ Կոստանյանի հետ, որովհետև հետախուզում հայտարարելուց հետո տրամաբանական կլիներ, եթե նա փոխեր հեռախոսահամարը կամ առհասարակ հասանելի չլիներ:
Սակայն Գևորգ Կոստանյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին ու մեր հարցին հարցով արձագանքեց. «Դուք հիմա ի՞նչ համարով եք զանգահարել: Ինքներդ դատեք՝ փոխվե՞լ է, թե՞ ոչ: Տեսնում եք, չէ՞, որ չեմ փոխել»:
Նաև հավելեց. «Մի կարևոր կանոն կա: Ես ամենասկզբից ասել եմ, աշխարհը գիտի՝ որտեղ եմ, ինչով եմ զբաղված, որտեղ եմ ապրում, որտեղ եմ աշխատում: Հեռախոսիս համարը միշտ կա, անփոփոխ»:
Նա նաև հիշեցրեց Քրեական դատավարության օրենսգրքի պահանջը, որ հետախուզում հայտարարում են այն դեպքում, երբ անձի գտնվելու վայրը հայտնի չէ:
«Հիմա ամբողջ աշխարհը գիտի՝ ես որտեղ եմ, բացի մեր նախաքննության մարմնից»,- տարակուսեց Գևորգ Կոստանյանը:
Վերջինիս խնդրեցինք մեկնաբանել իր շուրջ կատարվող իրադարձությունները:
«Շուտով ամեն ինչ կմեկնաբանեմ»,- մեր զրույցն ամփոփեց նախկին գլխավոր դատախազը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը