07 01 2020

Հունվարի 8-ին սպասվում է Թավադյանի կալանքը փոխարինելու մասով պատասխանը

Հունվարի 8-ին սպասվում է Թավադյանի կալանքը փոխարինելու մասով պատասխանը

News.am-ը գրում է․ «Վաղը սպասում ենք Գլխավոր դատախազության պատասխանին «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանը, սակայն, մեծ ակնկալիքներ չունի Գլխավոր դատախազությունից․ «Չեմ սպասում, որ Դատախազությունը անձնական երաշխավորություն է կիրառելու, որովհետև այս գործի հարուցման պահից սկսած եթե Դատախազությունը նորմալ աշխատեր, գործը դատարան չէր հասնի։ Մեզ համար ակնհայտ է, որ սա լավ պատրաստված սցենար էր, այդ պատճառով առանձնապես սպասելիքներ Դատախազությունից չկան։ Սակայն սա հնարավորություն է շատ վատ սարքած գործը նրմալ եղանակով կարճ ժամկետում ավարտելու, բայց իրենք են գնահատում՝ դա իրենց պետք է, թե չէ»,-նշեց նա։

Հովհաննես Խուդոյանը նաև հայտնեց՝ վաղը նաև վերաքննիչ բողոքն են մուտք անելու․ «Մի քանի օրվա ընթացքում սպասենք Վերաքննիչ դատարանի նիստին»։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին բավարարել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ Պաշտպանը հայտնել էր, որ ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց անձնական երաշխավորությունն են ներկայացրել  Թավադյանի խափանման  միջոցի փոփոխման համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ