«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն եմ ունենալու բարձր պատասխանատվությամբ։ Հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով։ Չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից և պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը, լինել անկախ, անաչառ և իրականացնել սահմանադրության գերակայության ամրապնդման իմ առաքելությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական Դատարանի անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքին։
Անդրադառնալով ՍԴ-ում ճգնաժամի մասին խոսակցություններին, ասաց․
«Սահմանադրական դատարանում ճգնաժամ կարող էր լինել, եթե չկարողանայինք նիստեր իրականացնել, որոշումներ կայացնել, եթե մեր անգործության հետևանքով պետական մարմինների համար ստեղծեինք խնդիրներ իրենց լիազորությունները բնականոն ձևով չիրականացնելու համար։ ՍԴ-ն առ այսօր բնականոն հունով աշխատել է՝ որևէ խնդիր չունենալով, որևէ նիստի իրավազորության, որոշման հետ կապված խնդիր չենք ունեցել, կայացրել ենք մեր որոշումները փոխադարձ հարգանքի մթնոլորտում, իրականացրել ենք մեր սահմանադրական լիազորությունները»։ Հարցին, թե ինչպե՞ս է ՍԴ աշխատանքներին մասնակցում դատավոր Վահե Գրիգորյանը, Արևիկ Պետրոսյանն ասաց․ «Ես պարոն Գրիգորյանին տեսնում եմ միայն ՍԴ միջանցքում՝ այս կամ այն սենյակ գնալիս, աշխատանքային, աշխատակարգային նիստերին չի մասնակցում»։ Ասաց, որ ունեցել են պատրաստակամություն լսելու իր դիրքորոշումները, քանի որ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե կհանդիպի և կզրուցի ՍԴ անդամների հետ։ Սակայն մինչ օրս նման նախաձեռնողականություն չի ցուցաբերել․ «Ինքը տվել է ՍԴ դատավորի երդում լինել անաչառ և կատարել սահմանադրական դատարանի դատավորի իր լիազորությունները և պետք է իր առաքելությունն իրականացներ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը