Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ ծրագրի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից:
Նախարարի խոսքով՝ ռազմավարությունն անցել է հանրապետության ողջ տարածքում ներառական քննարկումների փուլով, կազմակերպվել են մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, քննարկվել է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ, շահագրգիռ գերատեսչություններից ստացված առաջարկների մեծ մասն ընդունվել է, ակտիվ աշխատանք է իրականացվել նաև ՄԻՊ գրասենյակի հետ:
Ռ. Բադասյանը նշել է, որ ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների գործող վիճակի, ինչպես նաև նախորդ գործողությունների ծրագրի գնահատականը, նախանշում է հիմնական սկզբունքները և հաջորդ 3 տարվա առաջնահերթությունները: Նախատեսվում է ձևավորել պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ մշտադիտարկման խումբ՝ գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը վերահսկելու նպատակով, ինչպես նաև ստեղծել ազգային ռազմավարության էլեկտրոնային հարթակ:
Փաստաթղթի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են գործողությունների ծրագրին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետը հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ ի մի բերելով խորհրդակցության ընթացքում հնչեցված առաջարկությունները և սեղմ ժամկետում ներկայացնել կառավարության քննարկմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը