25 12 2019

Թավադյանի հետապնդումը պայմանավորված է նրանով, որ նա Քոչարյանի ընկերն է․ Եփրիկյան

Թավադյանի հետապնդումը պայմանավորված է նրանով, որ նա Քոչարյանի ընկերն է․ Եփրիկյան

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փորձը ցույց  է տալիս, որ որևէ ակնկալիք ունենալն անշնորհակալ գործ է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում դատարանի դիմաց ասաց փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վահե Եփրիկյանը՝ անդրադառնալով 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատիրոջ հետ կապված գործին։

«Փորձում եմ լիահույս լինել, որ դատարանն իր մեջ կամք գտնի և փոքր-ինչ մոտ կգտնվի արդարադատությանը, որի պայմաններում բնականաբար պաշտպանների ներկայացրած բողոքը միանշանակ պետք է բավարարվի։ Պարոն Թավադյանը պետք է անմիջապես ազատ արձակվի։ Հաշվի առնելով, որ գործով անցնող մյուս անձը՝ Վարուժան Մկրտչյանը, ազատ է արձակվել, աբսուրդային կլինի, որ այս համատեքստում պարոն Թավադյանի նկատմամբ կիրառվի խափանման միջոց կալանավորումը։ Այնքան սյուռ է այս ամեն ինչը, որ մեկնաբանել, փորձել որոշ հանգամանքներ գտնել և դրանք վերլուծելն անիմաստ է։

Պարոն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է բացառապես նրանով, որ նա հենց առաջին օրվանից հայտնել է, որ նախագահ Քոչարյանի ընկերն է, պայքարի առաջամարտիկներից է, իշխանությունը պետք է ամեն կերպ փորձի ինչպես Քոչարյանին, այնպես էլ պարոն Թավադյանին մեկուսացնի՝ փորձելով կոնկրետ իր առջև դրված խնդիրները լուծել, որովհետև այս բևեռը գնալով կոնսոլիդացվում է, և իշխանության համար ավելի ու ավելի կենսական է դառնում այս բևեռի չեզոքացումը, քանի որ ընդդիմադիր բևեռի ամենժամյա հզորացումը հավասարապես իջեցնում է իշխանության վարկանիշը»,- ասաց Եփրիկյանը՝ հավելելով, որ այս ամեն ինչը էժան բեմականացում է եղել։

«Մարդը տվել է իդեալական ցուցմունք, փոխի ի՞նչ գրի։ Անառողջ է այն պատկերացումը, որ փորձ է կատարվել Վրույր Գաբրիելյանին դրդել ցուցմունք փոխել»,- անդրադառնալով ոստիկանության տարածած տեսանյութին՝ ասաց փաստաբանը։

«Մենք բացառել ենք առաջին իսկ օրվանից պայքարի բոլոր այն մեթոդները, որոնք օրենքից դուրս պիտի լինեն, երբեք չենք անցել իրավաչափության շեմը։ Եթե մեր նկատմամբ ռեպրեսիաներ եղել են, նույնիսկ այս պայմաններում գործում ենք բացառապես իրավաչափության սահմաններում»,- հավելեց Վահե Եփրիկյանը։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը նաև նշեց․ «Եթե բողոքը մերժվի, անկախ ամենից, մենք որպես թիմ արդեն իսկ բոլորին ենք ապացուցել, և որևէ մեկը չի կասկածում, որ մենք վճռական ենք, պայքարելու ենք մինչև վերջ։ Մեր պայքարը գնալով ոչ թե անկում է ապրում, այլ ավելի է ալիքվում, պատրաստ ենք ամեն եղանակի պայքարել մինչև վերջ։ Եթե անցյալ տարի Ռոբերտ Քոչարյանն օրինակ ուներ 10 000 աջակից, այժմ ունի 100 հազար աջակից։ Ի աջակցություն նախագահի ստորագրահավաքին միացել է արդեն 65 000 քաղաքացի»։

Վահե Եփրիկյանը նշեց՝ որևէ մեկը Վարուժան Մկրտչյանին չի խնդրել, հորդորել նման քայլ կատարել։ «Այս ամենը բացի շահարկումների թեմա դարձնելու միտումից այլ որևէ նպատակի մեջ տեղավորեցնել ես չեմ կարող։ Դատախազությունն ինքն է խոստովանում, որ լինելով ազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտել քննությանը։ Եթե իշխանությունը կամ առանձին օղակներ կարծում են, որ նման թատերական կեղծ ու էժան շոուներով կարողանալու են կոտրել, կազմաքանդել մեզ, դա անհնար է լինելու։

Մի ուշագրավ զուգադիպություն է վերջին շրջանում առկա․ ՀՀ-ում «մեգաբացահայտումներ» տեղի են ունենում հատկապես այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրգործով դատավորը խորհրդակցական սենյակում է, իսկ երբ պետք է կայացնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված որոշում, այդ բացահայտումը կամ պրոիշխանական տոտալ վայնասումը երաշխավորված է։ Ամեն կերպ փորձ է արվում և՛ ճնշել դատավորին, և՛ հասարակության շրջանում իմիտացնել էյֆորիկ շարժեր։ Էմոցիոնալ էլեմենտներով փորձում են սնել հասարակությանը  և արդարադատությանը, ինչը երկար շարունակվել չի կարող»,- եզրափակեց Վահե Եփրիկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ