ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․
«105 օր հացադուլի մեջ. Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է:
Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 եւ ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ եւ Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ:
Ես եւ իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց եւ հանդիպել ենք Վահեին:
Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետեւ Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը եւ իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին: Վահեն հրաժարարվում է դադարեցնել հացադուլը եւ հաստատ չի դադարեցնելու:
Հիմա դիմում եմ Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու: Այո, հակադիր կերակրումը այլեւս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլեւս անհապաղ պետք է արվեն:
Ինչի եմ ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում:
Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը