«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ»,-նշել է նա:
Հետք-ը այս թեմայով գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ է ճանաչել Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը: Այս մասին Hetq.am-ին հայտնել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
Նշենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Բացի նրանից ձերբակալվել են ևս երեք անձինք:
Աբրահամյանի պաշտպանը նշեց, որ թեև ձերբակալման՝ ոչ իրավաչափ լինելու մասին որոշումն իրենց մոտ է՝ Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ շարունակելու է մնալ:
Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանը որևէ անձի հետ չի առերեսվել, նրան անգամ քրեական գործի շրջանակներում որպես վկա ցուցմունք տալու չեն հրավիրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը