ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Պաշտպանը հարցականի տակ է դրեց այն, որ արդյո՞ք դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու համար։
Հայկ Ալումյանը նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։ «Մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է նրան, արդյո՞ք առաջին ատյանի դատարանի որոշումը, այն ձևակերպումներով, որն առկա է բոլորիս մոտ, կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին»,-ասաց Հայկ Ալումյանը, ընդգծելով, որ վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել հարցը, թե ընդհանուր առմամբ գրավ պե՞տք է կիրառել, թե՝ չէ։ Նկատենք, որ գրավի ընդունելի չափը պաշտպանական կողմը թողել է դատարանի հայեցողությանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։ Վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00–ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը