ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ չափանիշներով են ստուգել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ վստահության պակասը, որ ուզում են նրանց վաղաժամ թոշակի ուղարկել:
«Էդ ո՞նց եք ստուգել վստահության պակասը, որովհետև եթե այդ տրամաբանությամբ մոտենանք, ժողովուրդն ընդհանրապես արդարադատության համակարգի նկատմամբ անվստահություն ունի, դե բոլոր դատավորներին բռնեք ու առաջարկեք դա: Ասեք՝ ժողովուրդ ջան, ձեզ չենք վստահում, եկեք փողը տանք, գնացեք տուն, ոտքերներդ պարզեք, հեռուստացույց նայեք, վայելեք կյանքը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը և առաջարկեց, որ եթե դատավորը վատ է աշխատում, ապա պետք է նրան պատժեն, ոչ թե խրախուսեն և դրախտի «պուտյովկա» տան:
Պատգամավորը նաև ասաց, որ իր կարծիքով՝ այս փոփոխության նպատակը բնավ էլ արդարադատության նկատմամբ հանրության վստահության բարձրացումը չէ. «Սահմանադրական դատարանն ընդամենը նոր մարդկանցով համալրելու խնդիր կա, որպեսզի կարողանան հեշտությամբ, սղացնելով վավերացնել ՀՀ անվտանգությանը սպառնացող պայամանգրերը»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ արձագանքելով պատգամավորի բարձրացրած հարցերին՝ ասաց, որ նոր ու հին դատավորների տարանջատման խնդիր չունեն, պարզապես խնդիր ունեն Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամը լուծելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը