Կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված հերթական գործողությունն է, որը միտված է անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ և արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականին, որը սահմանել ենք ռազմավարությամբ: Նախագծի հիմնական նպատակն է՝ ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար, հետևյալ ուղղություններով՝ գույքային դրության ստուգում, արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն, որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն»,- ընդգծեց Բադասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը