Tert.am-ը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունն հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու որոշում է կայացրել: Հաղորդագրության վերաբերյալ Tert.am-ը զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան,ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտնել, որ Դուք որպես մեղադրյալ եք ներգրավվել, ձեզ կալանավորելու որոշում է կայացվել: Ի՞նչ կասեք այս մասին, Դուք տեղյա՞կ էիք:
-Այս պահին առողջական վիճակս թույլ չի տալիս Ձեր հարցին տալ ծավալուն մեկնաբանություն և մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի հայտարարությանը, բայց տեղյակ եղել եմ, բնականաբար:
-Հաղորդագրությունում ասվում է, որ դուք Նորավանի համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանին տվել եք ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Ինչի մասին է խոսքը, ի՞նչ խողովակներ են: Կեղծ աճուրդ կազմակերպելու մեջ ևս մեղադրվում եք:
-Որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, նախաքննություն է գնում, և հուսով եմ, որ արդար նախաքննությունն ամեն ինչ կպարզի: Ինձ համար առնվազն զարմանալի է, հետաքրիր է, թե այդ անձինք ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել:
-Կալանավորելու որոշում կա, Դուք հետախուզման մեջ եք, ներկայանալո՞ւ եք նախաքննական մարմնին, վերադառնալո՞ւ եք Հայաստան:
-Հայաստանն իմ հայրենիքն է այլ բնակության վայր ես չունեմ, առողջական ծանր խնդիրների պատճառով տևական ժամանակ է ես արտերկրում եմ, ամիսներ շարունակ հիվանդանոցում եմ և դեռ պետք է բուժումս շարունակվի, նախաքննական մարմիններին փաստաբանի միջոցով փոխանցել եմ հիվանդանոցի տրամադրած բոլոր պաշտոնական փաստաթղթերը բուժման ընթացքի վերաբերյալ, որոնք 30 էջից ավելի են: Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան: Երբեք չեմ խուսափել ներկայանալուց և պատշաճ կարգով ծանուցել եմ իմ ներկայանալու ժամկետների մասին տեղեկությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը