04 11 2019

Կաշառքի դիմաց պայմանավորված խաղ է բացահայտվել․ ԱԱԾ

Կաշառքի դիմաց պայմանավորված խաղ է բացահայտվել․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են 06.09.2019 թ.-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: 

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ