Tert.am-ը գրում է․ «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ «Իշխանությունը յուրացնելը» հատկանիշներով ներկայացված մեղադրանքը խնդրահարույց է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ նշելով, որ ամբողջ գործընթացն, ընդհանրապես, տարօրինակ է իր համար:
«Դա մի հոդված է, որը երբեք չի կիրառվել Հայաստանում, և նույնիսկ իրավակիրառողները, այսինքն՝ դատարանները, քննիչները, դատախազները, երբեք այդ հոդվածով չեն աշխատել: Իրենք չունեն անհրաժեշտ ուղեցույցներ, նախադեպեր դոկտրինալ մեկնաբանություն»,- նշեց Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, իսկ հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարել էր նրան կալանավորելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:Արա Ղազարյանն ընդգծեց, որ, որպես կանոն, սահմանադրական կարգը տապալելու, պետական իշխանություն յուրացնելու հիմնական հատկանիշ դիտարկվում է բռնության կիրառումը:
«Մենք ունենք հոդված, որտեղ և՛ բռնության մասին է խոսվում, և՛ նշվում է՝ «այլ եղանակով»: 300-րդ հոդվածի առաջին նախադասության երկրորդ միտքը՝ «Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումը որևէ այլ եղանակով», այնքան անորոշ է, որ ոչ ոք չի կարող մեկնաբանել՝ այս հոդվածի կոնտեքստում ի՞նչ են նշանակում «լիազորությունները», ի՞նչ է նշանակում «տիրանալը», ի՞նչ է նշանակում «այլ եղանակով»»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ երբ քրեական նորմն անորոշ ձևակերպումներով է սահմանված, այն մարդու իրավունքի լրջագույն հարց է բարձրացնում:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Արսեն Բաբայանի պաշտպաններն ու աջակիցները պնդում են, որ այս քրեական գործը նպատակ ունի ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, Արա Ղազարյանն ասաց. «Հրայր Թովմասյանի անձի վերաբերյալ այնքան շատ անհանդուրժողականության կոչեր են հնչեցվել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, որ հասկանալի է, որ բացի քրեական հետապնդումից, ամենայն հավանականությամբ, կա նաև քաղաքական հետապնդում»:Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Արսեն Բաբայանին մեկ հոդվածով ձերբակալելը, մեկ այլ հոդվածով՝ կալանավորելը, Արա Ղազարյանը պատասխանեց, որ դրանում, տեսականորեն, խնդիր չկա:
Ըստ նրա՝ եթե ձերբակալման ընթացքում տեղի է ունենում խախտում, ապա դա չի նշանակում, որ կալանք չի կարելի կիրառել:
«Բայց պետք է հասկանալ՝ այստեղ ունե՞նք կամայականություն: Այո՛, պրակտիկայում կան դեպքեր, երբ վարույթ իրականացնող մարմինն ինչ-որ հոդվածով անձին ձերբակալում է, և կալանավորում է բոլորովին այլ հոդվածով: Իսկ տվյալ դեպքում, չեմ կարծում, որ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանքն անհրաժեշտ խափանման միջոց էր, կարելի էր այլ խափանման միջոց ընտրել՝ անազատության հետ չկապված: Կալանքը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց. դա իշխանությունները շատ լավ գիտեն՝ ժամանակին իրենք էին քարոզում: Այժմ իշխանությունը փոխվել է, բայց տեսությունը նույնն է մնացել»,- ամփոփեց փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը