25 10 2019

Արսեն Բաբայանի կողմից ժամկետի «կեղծման» առեղծվածը․ Գոհար Մելոյան

Արսեն Բաբայանի կողմից ժամկետի «կեղծման» առեղծվածը․ Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Արսեն Բաբայանի կողմից Գագիկ Հարությունյանի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումի Ազգային ժողով մուտքագրելու ժամկետի «կեղծման» ԱՌԵՂԾՎԱԾԸ ...

Նախորդիվ անդրադարձել էի Հատուկ քննչական ծառայության ս.թ. հոկտեմբերի 22-ի հաղորդագրությանը՝ հիմնավորելով, որ.

1. Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ /իշխանության յուրացում/ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցումը տարակուսելի է, քանի որ ակնհայտորեն բացակայում են հանցակազմի հատկանիշները.

2. առնվազն կասկածելի են, բացակայում են կամ ընդհանրապես հակառակի մասին են վկայում փաստերը, որոնք կհիմնավորեին, որ կեղծվել է վերոնշյալ փաստաթղթի մուտքագրման ժամկետը:

Այժմ ներկայացնեմ ՀՔԾ հաղորդագրության ամենաուշագրավ հատվածը, որն էլ հիմք է հանդիսացել այս ամբողջ դավադրության տեսության համար:

Ինչու է ամեն կերպ փորձ արվում հիմնավորել, որ հրաժարականի դիմումը մուտքագրվել է Ազգային ժողով ոչ թե 2018 թվականի մարտի 2-ին, այլ՝ մարտի 5-ին:

Այսպես` ըստ ՀՔԾ հաղորդագրության 2018 թվականին գործել է 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածը, համաձայն որի 6-րդ մասի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է ՉՈՐՍՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏՈՒՄ:

Այդկերպ փորձ է արվում հիմնավորել, որ ժամկետը հատուկ կեղծվել է, որպեսզի հրաժարականի դիմումը հասցնեին ներկայացնել քառօրյա նիստերի վերջին օրը՝ մարտի 2-ին:

ՄԻՆՉԴԵՌ, 2018 թվականին գործել է ՈՉ ԹԵ 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածը, ԱՅԼ ՆՈՐ՝ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը, համաձայն որի՝ Վարչապետից և վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ՈՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ։

Այսինքն` ԱԺ նախագահն ընդամենը պետք է հանդես գար հայտարարությամբ՝ հրաժարականի դիմումը ստանալուց հետո:

Հետևաբար` անգամ ոչ իրավաբան, բայց տրամաբանություն ունեցող ցանկացած ոքի հասկանալի է, որ.

1. բացակայում է Արսեն Բաբայանի, Արա Բաբլոյանի կամ որևէ այլ անձի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրման ժամկետի կեղծման անհրաժեշտությունը.

2. մեղադրանքի հիմքում ընկած «Ազգային ժողովի կանոնակարգ» 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքն ուժը կորցրած է եղել և 2018 թվականի մարտին գործել է 2016 թվականին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերոնշյալ կարգավորումը:

Հ. Գ. Սա հերթական հիմնավորումն է, որ հարուցված քրեական գործը շինծու է, քանի որ ակնհայտորեն բացակայում են հանցակազմի հատկանիշները.

Հ.Գ.1.Արսեն Բաբայանը ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ