18 10 2019

ՍԴ նախագահի շուրջ տեղի ունեցողն օրինականության շրջանակում չէ. կարծիք․Tert.am



Tert.am-ը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցողը չի տեղավորվում Սահմանադրության և օրինականության շրջանակում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա հիշեցրել է, որ Հրայր Թովմասյանի դեմ հարձակումներն սկսվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ մուտքագրելուց հետո, որ հանկարծ նա ոչ իշխանահաճո որոշում չկայացնի. «Ինչո՞ւ հիմա հիշեցիք, թե նա ինչպես է ընտրվել կամ ո՛ր կուսակցության անդամ է եղել: Շատերը չգիտեն, թե ինչպիսի ստվերային խոստումներ ու սպառնալիքներ են եղել նրա նկատմամբ: Ինձ համար անգամ զարմանալի է, որ Հրայր Թովմասյանն այսքան դիմացավ»:

Ըստ իրավապաշտպանի՝ եթե Թովմասյանի ղեկավարած Բարձր դատարանը վարույթ չընդուներ Քոչարյանի գործը, կդառնար իշխանությանը ձեռնտու պաշտոնյա, ինչպես, օրինակ, գլխավոր դատախազը. «Թովմասյանի սանիկներին ձերբակալեցին, քրոջ՝ Անժելա Թովմասյանի նկատմամբ հարձակումներ ու հայհոյանքներ սկսվեցին, դուստրերին ու հորը կանչեցին հարցաքննության: Պետք է բոլորին տագնապ հնչեցնել, թե ի՛նչ է կատարվում»:Իշխանյանի կարծիքով՝ անկախ նրանից՝ համակրում ես իշխանությանը, թե ոչ, հակաիրավական քայլերը պետք է քննադատել, այդ թվում՝ այս դեպքում. «Մենք ասում ենք հեռախոսային արդարադատություն՝ մտածելով, որ զանգողը գործադիր իշխանությունից ինչ-որ մեկն է: Կա նաև հակառակը՝ կա՛մ դատավորն է զանգում ու հարցնում՝ ինչ անել, կա՛մ զգում է, թե իշխանությանն ինչ է պետք: Որոշ դեպքերում, երբ նա տատանվում է, լինում են ճնշումներ, այդ թվում ուղղակի»:

Ըստ իրավապաշտպանի՝ ողբերգություն է, երբ քաղաքական վերնախավը դատարանների անկախության մասին ունի նույն պատկերացումը, ինչ հանրությունը. «Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն գործադիր ու օրենսդիր իշխանություններից, այլև ժողովրդից: Եթե դատական իշխանությունը ժողովրդի մեծամասնության իշխանությունն է, դատարաններ պետք չեն, Լինչի դատաստանը բավարար է: Դատարանները և դատավորներն իրենց հոգեբանությամբ միշտ ենթարկվում են ոչ թե իրենց նշանակած, այլ օրվա իշխանությանը»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ մեր իրավապահ համակարգը ևս անկախ չէ և գործում է վարչապետի հանձնարարականներով, ինչպես նախկինում նախագահին էր ենթարկվում:

«Քննչական մարմինները պետք է լինեն անկախ, ոչ թե հանձնարարություն կատարեն: ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ»,- ամփոփել է Ավետիք Իշխանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ