ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը քննելու նիստին չմասնակցելու առիթով երկօրյա արձակուրդին։
«Կարող էի, իհարկե, արձակուրդ չվերցնել, պարզապես նիստին չգնալ, դա, կարծում եմ, ճիշտ չէր լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ վարույթ ընդունելու դեպքում ավտոմատ կկասեցվեն իր լիազորությունները։
Պաշտոնի համար պայքարին վերաբերող հարցին ՍԴ նախագահն այսպես պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում պայքարել, ես չեմ պայքարում, ես սովորական իմ աշխատանքն եմ անում, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքն են անում, գնում եմ տուն»: Պատասխանելով հարցին, թե երբ է պատրաստվում հեռանալ ՍԴ-ից, նա ասաց․ «Երբ որ կլրանա իմ պաշտոնավորման ժամկետը: Երբ իրավական առումով ընթացակարգը կլինի այն, որ ես այլևս չպետք է պաշտոնավարեմ»:
Իր գույքի մասին խոսակցություններին անդրադառնալով՝ նա նշեց, որ ամենն, ինչ ունի, հայտարարագրված է։ «Իմ եկամուտները քչացել են: Մինչև պաշտոն ստանձնելն ունեցել եմ հայրական տուն, ունեցել եմ երեք բնակարան և մեկ առանձնատուն, որոնցից երկու բնակարանը և մեկ առանձնատունը վաճառվել է և գնվել է մեկ բնակարան»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը