04 10 2019

28 մլն դրամի հափշտակություն՝ սոցծառայություն մատուցող ՊՈԱԿ-ում



Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ վերջին օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 28․072․858 դրամ։

«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայանակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Վերջինս, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ վերջին օրերս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 28․072․858 դրամ։

Մասնավորապես, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր հարազատներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված աշխատավարձի, ինչպես և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր 25․369․888 դրամ, առձեռն ստացել և յուրացրել է։

Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ կազմակերպության հաշվեկշռում գտնվող անսարք երկու տրանսպորտային միջոցի չշահագործվելու պայմաններում 2016-2019 թվականների ընթացքում նշված ավտոմեքենաների երթուղային թերթերում, պահանջագրերում և վառելիքի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկագրերում մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում առձեռն ստացել և յուրացրել է տրանսպորտային միջոցների համար ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր 2․708․970 դրամի՝ 7550 լիտր բենզինի կտրոնները։

Նախնական տվյալներով՝ 2015 թվականի նոյեմբերից վատնման եղանակով հափշտակվել են նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող, սակայն տնօրենի և նրա ընտանիքի անդամների կարիքների համար շահագործված մեկ այլ ավտոմեքենայի համար ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված 3010 լիտր բենզինի, ինչպես և վարորդի անվամբ դուրս գրված աշխատավարձի և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր 3․916․815 դրամ։

Դեպքերի առթիվ հոկտեմբերի 3-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ