03 10 2019

Դիտավորյալ վթարներ «սարքելու» դեպքեր են բացահայտվել



Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու եւ խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին 2018թ հոկտեմբերից մինչեւ 2019թ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի եւ «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներ ունեցող վարորդներին, իր կողմից վարվող, վթարված «Դեյվու Նեքսիա» եւ «Վազ 21-154» մակնիշների ավտոմեքենաներով, պարբերաբար դիտավորյալ բախվել է տարբեր ավտոմեքենաների՝ ստեղծելով վթարային այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավորություն է ունեցել մեղքը բարդել տուժող կողմի վրա, որից խաբեությամբ պահանջել եւ ստացել է մոտ 600 000 ՀՀ դրամի գումար, պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4 697 000 ՀՀ դրամի վնաս: Որոշ դեպքերում էլ ապահովագրական ընկերություններից որպես վթարի փոխհատուցում նույնպես խաբեությամբ գումար է ստացել՝ մոտ 350 000 ՀՀ դրամ:

Բերման ենթարկվելուց հետո հիշյալ անձը խոստովանել է կատարած առերեւույթ հանցագործությունները։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ