Իրավաբան Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատական իշխանությունն արդարադատության երաշխավորն է, և այս իշխանության նկատմամբ հասարակության կողմից հարգանքի և վստահության մթնոլորտի ապահովումը յուրաքանչյուրիս, առավել եւս՝ պետական մարմինների պարտականությունն է!
Դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը, բնականաբար, անընդունելի է ցանացած իրավագիտակից անհատի համար:
Սակայն, արդյո՞ք, արդարացի է քննադատության և պատասխանատվության ենթարկել երիտասարդների, այն դեպքում, երբ երկրի առաջին դեմքն է մեր հասարակության մեջ ներմուծել «պատերի տակ վնգստացող դատավորներ» որակումը:
Արդյո՞ք համաչափ է արձագանքը, ոչ այնքան իրավագիտակից երիտասարդների արարքին.
- երբ լսում ենք հեռախոսազրույցի ձայնագրություն, համաձայն որի՝ դատավորները հրահանգավորվում են.
- երբ Վարչապետի կոչով շրջափակվում են դատարանները.
- երբ ոչ ցանկալի դատական ակտերի համար պետական այլ մարմինների կողմից բացահայտ հետապնդման են ենթարկվում այդ ակտերը կայացրած դատավորները.
- երբ ակնհայտ թիրախավորված կերպով քաղաքական հետապնդման է ենթարկվում Սահմանադրական դատարանը.
- և երբ այս «երբերը» ուղեկցվում եմ Սահմանադրության, միջազգային նորմերի և օրենքների խախտումներով:
Ստեղված իրավիճակը ցավալի է, բայց կրկին սպասելի...
Այն համադրելի է Իջևանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ ինչպես նախորդ անգամ էի կանխատեսել՝ շարունակական է լինելու!
Եւ կրկին հնչեցնում եմ նույն հարցադրումները.
- արդյո՞ք արդարացված են քաղաքացիների գործողությունները.
- արդյո՞ք իշխանությունները վրդովվելու և պատասխանատվության ենթարկելու բարոյական իրավունք ունեն.
- ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար.
- ումի՞ց է քաղաքացին օրինակ վերցնում։
Ահա, թե ինչու են անընդմեջ հնչեցվում սթափեցման կոչեր, ահա պատճառը, թե ինչու եմ անընդմեջ բարձրաձայնում հատկապես պետական մարմինների կողմից օրինականության սահմանադրական սկզբունքի խախտման անթույլատրելիության և հետագա աղետալի հետևանքների մասին:
Արդեն վաղուց ժամանակն է, որ հստակ ուրվագծվի սահմանագիծը և իշխող քաղաքական ուժը կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է նավարկելու մեր պետությունը:
Լիահույս եմ, որ այդ ճանապարհորդությունն այլևս չի հատի իրավական պետության սահմանները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը