Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը