Հայկ Ալումյանի հայտարարությունը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման վերաբերյալ․ «Խափանման միջոցի հետ կապցված թե՛ նախորդ դատական նիստում որոշումը, թե՛ այս որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների գործիք՝ պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք։ Դրա հիմնավորումները բազմիցս տվել ենք։ Դա բացահայտ է արվում, արդեն չի թաքցվում ոչ մեկի կողմից։ Նախորդ դատական նիստից առաջ արված հայտարարությունները ցույց տվեցին, որ ձեզ զրկել են ձեր սեփական կամքից և դուք հիմա էստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, ոչ բովանդակությամբ։
Այստեղ դատարան բովանդակային առումով գոյություն չունի։
Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։
Բացի այդ, հայտարարում եմ, որ դատարանի նկատմամբ հետական ամբողջ շարքի մեջ հերթական ճնշումներ գործադրելուց մեկի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ դատական համակարգում գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ։ Այդ հանգամանքն իր հրապարակային ելույթներում հաստատել է ԲԴԽ նախագահ պարոն Ռուբեն Վարդազարյանը։
Մենք պատրաստվում ենք միջնորդել, որ դուք ինքնաբացարկ հայտնեք և ի թիվս այլ հանգամանքների, որ կապված են լինելու միջնորդության հետ, մենք ուզում ենք իմանալ, ուղղակի որ պարոն Վարդազարյանը հայտնեց, որ վնգստացող դատավորների դատական համակարգում գիտեն, բայց հանրությունը չգիտի՝ ում մասին է խոսքը։ Այսօր ես համապատասխան նամակով դիմել եմ պարոն Վարդազարյանին, որպեսզի ինքը թվարկի, տրամադրի դռների տակ վնգստացողների ցուցակը։ Բայց նախքան ինձ տրամադրի, ուզում եմ ճշտել՝ դուք անձամբ վնգստացողների ցուցակի մեջ կա՞ք, թե՞ ոչ»։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանին վիրավորելու համար սանկցիա կկիրառի, ինչին ի պատասխան Հայկ Ալումյանն ասաց․ «Ես հիշեցնեմ, որ դուք չեք վիրավորվել, երբ դա ասել է վարչապետը, չեք վիրավորվել, երբ դա ասել է ԲԴԽ նախագահը կամ չեք արտահայտվել։ Ես ընդամենը կրկնում եմ իրենց բառերը։ Ես անձամբ ձեզ կամ որևէ մեկին վնգստացող դատավոր չեմ անվանի։ Բայց ԲԴԽ նախագահը հայտարարում է, որ այդպիսի վնգստացող դատավորներ կան, և դատավորների անունները հայտնի են։
Մեզ հայտնի չեն, մենք ուզում ենք ճշտել»։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ ԲԴԽ նախագահի հայտարարություներն այս դատական նիստում չեն քննարկվում։ Ի պատասխան Հայկ Ալումյանն ասաց․ «Բա չիմանա՞նք ում մասին է ասում, կարող է՝ ձեր մասին է։ Մենք մտավածություն ունենք, որ ձեր մասին է։
Մենք ունենք միջնորդություն, որ դուք ինքնաբացարկ հայտնեք։
Այս գործով դուք հնարավորություն չունեք իրականացնելու արդարադատություն, որովհետև գտնվում եք այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացրել պարոն Քոչարյանի նկատմամբ»։
Հայկ Ալումյանը մեկ օր խնդրեց՝ ինքնաբացարկի միջնորդությունը կազմելու համար։
Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանն անփոփոխ թողնեց երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու որոշումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը