18 09 2019

Փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին

Փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանը և Աննա Վարդապետյանն սեպտեմբերի 17-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների պատվիրակությանը:

Հանձնաժողովի ընթացակարգին համապատասխան՝ այս այցի և դրա ընթացքում իրականացված հանդիպումների նպատակը դատական օրենսգրքում և հարակից օրենքներում նախագծված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքը նախապատրաստելու համար մասնագիտական քննարկումների իրականացումն էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել փորձագետներին՝ նախարարության դիմումին արձագանքելու և կարծիքի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունի խոսքում ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների հետ Կառավարության համագործակցության բարձր մակարդակը՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է Եվրոպայի Խորհրդը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Մասնավորապես, փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը և փոխնախարար Աննա Վարդապետյանը հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամների հարցերին ի պատասխան՝ ներկայացրել են դատավորների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, Բարձրագույն դատական խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվելիք իրավական ընթացակարգերը, ինչպես նաև նախագծերի փաթեթի տարբեր կարգավորումներին առնչվող այլ մասնագիտական հարցերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ