168.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի հետ 168.am-ը խոսել է վաղվա դատական նիստի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության կողմից՝ դատարանի շենքը շրջափակելու՝ իր աջակիցներին ուղղած կոչի, դատախազության հայտարարության ու թեմային առնչվող այլ հարցերի մասին։
Սեպտեմբերի 12-ի դատական նիստի մասին
– Մենք պետք է փաստենք, որ դատարանը՝ հետևելով ինքն իր որոշմանը, պիտի դատավարությունը սկսի նրանից, որ մեր՝ հունիսի 27-ի և օգոստոսի 14-ի միջնորդությունները գրավի վերաբերյալ պետք է փորձի քննության առնել, բայց այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը (ՍԴ) իր հայտնի որոշումը կայացրեց, մեկ այլ հարց առաջացավ, որ առաջնահերթության կարգով պետք է ոչ թե գրավի հարցը քննարկվի, այլ պարոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու, իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցերը։ Մենք արդեն համապատասխան միջնորդություններ ներկայացրել ենք, և դրանք արդեն նախորդ շաբաթ օրվանից գտնվում են դատարանում։ Եվ մենք այս ամբողջ շաբաթ պահանջում էինք, որ դատարանն անհապաղ նիստ հրավիրի և ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակի, որովհետև երբ խոսքը գնում է խափանման միջոցի մասին, այդ հարցը պիտի քննվի անհապաղ։
Ցավոք, դատարանը սպասողական դիրք գրավեց, կամ թե ձևացրեց, որ չի լսում, տեղյակ չէ մեր պահանջներից, որովհետև դատարանը մինչ այս պահը պաշտոնական ոչ մի որոշում չի կայացրել։ Ստացվեց այնպես, որ մեր միջնորդությունները ևս պետք է քննվեն վաղվա դատական նիստում։ Հետևաբար՝ կանխատեսելի է, որ սեպտեմբերի 12-ի դատական նիստը պետք է սկսվի այն բանից, որ պետք է քննարկվի ՍԴ որոշման ուղղակի կիրառումը։ Իսկ ՍԴ դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ում չկա մի մարմին, որը կարող է որոշել՝ ինչ-որ մեղադրանքի տեսանկյունից Հանրապետության պաշտոնաթող նախագահը չի օգտվում անձեռնմխելիության իրավունքից։
ՀԱԿ-ի կոչի մասին
– Ես չգիտեի, որ ՀԱԿ-ը կողմնակիցներ ունի, բայց եթե ունի, երևի թե հավաքվեն այնտեղ, ու նայած, թե ինչ կերպ կինքնադրսևորվեն, դրանից էլ կարելի կլինի եզրակացնել՝ դա ճնշո՞ւմ է դատարանի նկատմամբ, թե՞ ոչ։ Ընդ որում, պետք է նկատենք, որ խնդիրը միայն անմիջապես դատավորի վրա ճնշման մեջ չէ։ Այսինքն՝ դատավարության մասնակիցների վրա ճնշումները նույնպես պետք է դիտարկվեն արդարադատությանը խոչընդոտելու լույսի ներքո։
Օրինակ, մենք ունեցել ենք դեպք, երբ անմիջապես մեզ վրա ճնշում է գործադրվել, բայց որպեսզի քողարկվի իրական պատվիրատուն, հոգեպես ոչ հավասարակշռված մարդկանց են ուղարկել, և նրանք ուղղակիորեն հրապարակայնորեն սպառնացել են՝ ընդհուպ սպանությամբ։
Ես չեմ բացառում բոլոր տեսակի զարգացումները։ Եվ այդ առումով պետք է ասեմ, որ ցանկացած նման դրսևորման պատասխանատվությունը, ի վերջո, ներկա իշխանությունների վրա է դրվելու, որովհետև իրենք են պարտավոր և իրենք էլ ունեն բոլոր անհրաժեշտ ուժերն ու օրենսդրությունը, որ դա բացառեն։ Իրենք էլ ունեն բոլոր հնարավորությունները՝ իմանալու, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Այսինքն՝ եթե վաղն ինչ-որ միջադեպ տեղի ունեցավ, դա նշանակում է, որ դա տեղի է ունեցել կամ իշխանությունների անմիջական հրահրմամբ, կամ նրանց գիտությամբ և լռելյայն համաձայնությամբ։
Նախապես զգուշացնում եմ՝ նման դրսևորումներ հանկարծ թույլ չտալ, որովհետև մեր կողմից պատասխանն ուղղակի իրենց համար կարող է շատ անսպասելի լինի։ Զգուշացնում եմ նաև այն տեսանկյունից, որ թող նկատի ունենան՝ միշտ չէ, որ իրենք են իրավիճակը տիրապետելու։ Մի օր իրենք կարող է հայտնվեն ամբաստանյալի աթոռին, ինչպես եղել է ժամանակ, որ հայտնվել են։ Եվ թող չստեղծեն այնպիսի նախադեպեր, որոնք հենց իրենց բումերանգով կարող են վերադառնալ։
Դատախազության հայտարարության մասին
– Պաշտպանական կողմը, ցանկացած մասնավոր անձ իրավասու են անել յուրաքանչյուր բան, ինչն արգելված չէ օրենքով։ Եթե օրենքը չի արգելում, որ ես կարող եմ անել հայտարարություններ՝ կապված իմ վստահորդի անմեղության հետ կամ ՍԴ որոշումից բխող հայտարարություններով հանդես գամ, հետևաբար ես դրա իրավունքը ունեմ։ Այլ կանխավարկած գոյություն ունի պետական մարմինների համար։
Իրենք իրավունք չունեն անել ցանկացած բան, ինչն արգելված չէ օրենքով։ Հակառակը, իրենք իրավունք ունեն անել այն բաները, ինչն ուղղակիորեն իրենց վերապահված է օրենքով։
Օրենքի մեջ ոչ մի տեղ գրված չէ, որ դատախազությունն իրավունք ունի հրապարակայնորեն մեկնաբանություններ անել պաշտպանական կողմի ինչ-որ վերլուծությունների, փաստարկների վերաբերյալ։
Օրենքով նախատեսված չէ, որ դատախազությունը կարող է դատական նիստից դուրս դատական նիստին վերաբերող հարցեր վերլուծել հրապարակայնորեն։ Այն, ինչ իրենք անում են, ուղղակի ինքնագործունեություն է. դրանով իրենք սահմանադրական նորմ են խախտում։ Բայց այս գործով սա ամենափոքր խախտումն է, որովհետև այս գործով խախտումներն ահասարսուռ բնույթ են կրում, որովհետև բոլոր պետական մարմինները, որոնք այս գործով կարող են ինչ-որ խախտում կատարել, դա անում են՝ սկսած ՀՀ վարչապետից, Նախագահից, ով ձկան պես լուռ էր, երբ դատարաններն էին շրջափակում, Բարձրագույն դատական խորհրդից, ով լռեց, երբ դատական իշխանությունը ենթարկվում էր ֆիզիկական և բարոյական ճնշումների։
Արդարադատության նախարարի հայտարարությունների մասին
– Այն, որ ՍԴ որոշումը ենթակա է պարտադիր կատարման, գոնե արդարադատության նախարարը պիտի այլ բան չասեր։ Այստեղ խնդիրն այլ բանի մեջ է։ Երբ ասում ենք, որ ՍԴ որոշումը ենթակա է պարտադիր կատարման, շատերին, այդ թվում՝ իրավաբանների, թվում է, որ ենթակա է կատարման միայն որոշման եզրափակիչ մասը։ Իրականում ՍԴ ոչ միայն եզրափակիչն մասն է պարտադիր բոլորի համար կատարման, այլ նաև պատճառաբանական մասում բերված իրավաբանական դիրքորոշումները։ Այսինքն՝ եթե Արդարադատության նախարար պարոն Բադասյանը նաև պատճառաբանական մասում բերված իրավաբանական դիրքորոշումներն է պարտադիր կատարման ենթակա համարում, ես միայն ողջունում եմ, բայց եթե նկատի ունի միայն եզրափակիչ մասը, ուրեմն իր դիրքորոշումը ոչ մի ընդհանուր բան չունի իրավաբանության հետ։
ՍԴ որոշման և օրենքի բացի մասին
– Այն, որ ՍԴ որոշման պատճառաբանական մասում հստակորեն գրված է (4.1 կետ), որ ՀՀ-ում չկա որևէ մարմին, որը համապատասխան ընթացակարգով իրավասու է որոշել, թե նախագահի գործողությունները բխել են իր կարգավիճակի՞ց, թե՞ ոչ։ Սա ՍԴ իրավական դիրքորոշում է և պարտադիր է բոլորի համար։ Եթե այդպիսի որոշում կայացնող մարմին չկա, հետևաբար՝ չկա նաև մարմին, ով կարող է ասել, որ նախագահի գործողությունները չեն բխել իր կարգավիճակից։
Հետևաբար՝ նախագահին չի կարող մեղադրանք առաջադրվել, ու նա չի կարող գտնվել կալանքի տակ։ ՍԴ-ի որոշումից բխում է, որ անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել այդպիսի մարմին։ Այսինքն՝ ՍԴ որոշումից չի բխում, որ նախագահը ինչ ուզի, կանի և կմնա անպատիժ։ Այդ որոշումից բխում է, որպեսզի այս իրավական անորոշությունը վերացվի, օրենսդիրը մի օր առաջ պետք է հավաքվի, օրինագիծ մշակի, ընդունի, և բոլորիս համար պարզ դառնա, թե որն է այդ մարմինը, որը պետք է որոշի, և ինչ ընթացակարգով դա պետք է արվի։ Բայց այն մարմինը, որին ուղղված է մեսիջը, չգիտեմ՝ ինչ հարցեր է քննարկում, փոխանակ ՍԴ որոշման հիման վրա այս իրավական անորոշությանը վերջ տա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը