Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Թեմայի առնչությամբ Պաշտպանն արձանագրում է՝
1. Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային կարևորություն է տալիս ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին, որի ապահովման հանձնառություն ունի Հայաստանի Հանրապետությունը.
2. տարիներ շարունակ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը մեր երկրում եղել է երեխաներին և ընտանիքներին աջակցություն տրամադրող հիմնական միջոցը, որը, սակայն, ավելի է նպաստել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների վերաբերյալ կարծրատիպերի և նրանց նկատմամբ խարանի խորացմանը։ Այսինքն, առհասարակ, նման հաստատությունների գոյությունը չի բխում երեխաների լավագույն շահից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու չհայտարարված այցերը վկայում են, որ այդ հաստատություններում առկա են բազմաթիվ, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ.
3. երեխաների հաստատությունների փակման կամ դրանց վերակազմակերպման գործընթացը պետք է իրականացվի այդ նպատակի համար մշակված չափանիշներին համապատասխան.
4. հաշվի առնելով, որ հարցը զգայուն է և ուղղակիորեն շոշափում է բազմաթիվ մարդկանց իրավունքներ ու շահեր՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ծնողներին, ուսուցիչներին, երեխաներին ու առհասարակ հանրությանն իրազեկել հատուկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացի մասին: Դա պետք է անեն լիազոր մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում: Պաշտպանն այս հարցում կաջակցի իր գործընկեր մարմիններին.
5. Անհրաժեշտ է դիտարկել նաև վերակազմակերպվող հաստատությունների փոխարեն նոր ծառայություններ տրամադրող կազմակերպություններ ստեղծելու հարցը՝ հաշվի առնելով առկա դրական փորձի մի քանի օրինակները.
6. հաշվի առնելով գործընթացին առնչվող հրապարակված մտահոգությունները՝ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Պաշտպանը հարցադրումներ կուղղի իրավասու պետական մարմիններին: Մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ մարմիններին ուղղված գրություններով, ի թիվս այլնի, քննարկման առարկա կդառնան երեխաների և ընտանիքների կարիքների գնահատման և նրանց աջակցության տրամադրման, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին կրթական ծառայություններ տրամադրելու դպրոցների հնարավորությունները: Ուշադրություն կդարձվի նաև վերակազմակերպվող հաստատությունների աշխատակիցների զբաղվածության հարցին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր գործընկերների, այդ թվում՝ լիազոր մարմինների հետ համագործակցությունն այս հարցերում:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը կշարունակի գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցում Պաշտպանն ունի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով սահմանված անկախ մշտադիտարկող մարմնի կարգավիճակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը