30 08 2019

Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը կբողոքարկեն

Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը կբողոքարկեն

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի՝ իր պաշտպանյալին կալանավորելու որոշումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց հակափաստարկների վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, քանի որ գործում այդպիսի նյութեր չկային, որ իրենց հակափաստարկները կարողանային չեզոքացնել։ Նա հայտնեց, որ բողոքարկելու են որոշումը։

«Այն, ինչ ներկայացվել է որպես մեղադրանք, իրավաբանության հետ կապ չունի։ Դա կարելի է ցանկացած այլ պետական հիմնարկի ղեկավարի, ում հիմնարկում որևէ պաշտոնատար անձ թերություն է թույլ տվել, կամ հանցագործություն է կատարել, այս մեղադրանքի պայմաններում ցանկացածին կարելի է վերագրել այս մեղադրանքը, քանի որ դու ղեկավարն ես, դու պետք է իմանայիր»,-ասաց նա։ Փաստաբանը հավելեց, որ խոսքը վերաբերում էմ 200 միլիոն դրամի։

Երեմ Սարգսյանը պնդում է, որ դատարանի որոշման մեջ բացակայում են հիմնավորումները և պատճառաբանությունները, թե ինչու է կալանավորում իրականացվել:

«Ես ապշած եմ ուղղակի, մենք սպասում էինք, որ դատարանները պետք է ավելի առաջ գնային, ավելի արդար և անկախ լինեն, բայց ստացվում է, որ այս առումով բան չփոխվեց: Դատարանը անում է այն, ինչ ակնկալվում է իրենից»,-շեշտեց նա՝ նշելով, որ դատաքննությունն ընդամենը ձևական բնույթ էր կրում, որովհետև  նշանակություն չուներ, թե կողմերը ինչ հիմնավոր փաստարկ էին ներկայացնում, և հակառակ կողմն ինչ հակափաստարկն է ներկայացնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ