30 08 2019

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվել է:

Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշումը հրապարակել է մոտ մեկ ժամ առաջ՝ բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը երեկ կեսօրին սկսվել, ապա ընդհատվել էր: Նիստը շարունակվել էր երեկ ուշ երեկոյան, ապա դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար:

ՊԵԿ նախկին նախագահի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ՝ ԱԱԾ-ի միջնորդությունը, ինչպես նաև նրա ձերբակալման դեմ պաշտպանների բողոքն այս պահին քննվում է դատարանում:

Օրերս, անդրադառնալով հարուցված քրգործին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ քրգործն առնչվում է տասնյակ միլիոնավոր դոլարների վատնմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ