28 08 2019

Բարեխիղճ ծառայողը պետք է ստանա արժանի գնահատական․ Օսիպյանը՝ պարգևավճարների մասին



Օգոստոսի 27-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ու մարզային վարչությունների պետեր: Մինչ օրակարգի հարցերին անցնելը ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են հավելյալ պարգևավճարներով: Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է պարգևատրվածներին և մաղթել բարի ծառայություն:

Խորհրդակցության հիմնական թեման ուսումնական տարվա մեկնարկն էր: Ոստիկանության պետը բոլոր ստրաբաժանումներին հանձնարարել է սեպտեմբերի 1-ից անցնել ուժեղացված ծառայության: 

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությանը հանձնարարել է ակտիվացնել անչափահասների հետ տարվող աշխատանքները: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ոչ միայն սեպտեմբերին, այլև ուսումնական ողջ տարվա ընթացքում անցանկալի միջադեպեր չլինեն:

Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է թարմացնել ուսումնական բոլոր հաստատությունների մոտակայքի գծանշումները, տեղադրել ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են: Օգնել ծնողներին ու աշակերտներին փողոցներն անցնել, հաստատել կարգուկանոն դպրոցների շրջակայքում, պատասխանատվության ենթարկել երկրորդ շարքում կանգնած կամ այլ խախտումներ կատարող վարորդներին, դպրոցների մոտ հնարավորինս բացառել խցանումները: 

Ոստիկանության պետը հորդորել է նաև ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներին այցելել կրթական հաստատություններ, զրուցել տնօրինության հետ, գնահատել իրավիճակն ու ճշգրիտ կազմակերպել ծառայությունը:Հանձնարարվել է նաև ուժեղացնել հսկողությունը մարդաշատ վայրերում ու առևտրի կենտրոններում, որովհետև հատկապես այդ հատվածներում հնարավոր է գրանցվեն գրպանահատությունների դեպքեր: Վալերիյ Օսիպյանը հորդորել է ուժեղացված ծառայությամբ կանխել նման զարգացումները: 

Հանձնարարվել է հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման ուղղությամբ շարունակել բակային հանդիպումները բնակիչների հետ, լսել խնդիրները և լուծումներ գտնել: Այս ամառ հանրապետությունում գրանցվում են աննախադեպ մեծ քանակի հրդեհներ: Ոստիկանության պետը հանձնարարել է բացահայտել հրդեհների առաջացման պատճառները, հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Իրականացնել նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհները բացառելու ուղղությամբ:

Խոսվել է նաև ոստիկանության ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորել է դրանք բաշխել անաչառ: Բարեխիղճ ծառայողը պետք է ստանա արժանի գնահատական: Խորհրդակցությանը քննարկվել են ոստիկանության ծառայությանը և հանցավորության դեմ պայքարին վերաբերող այլ հարցեր ևս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ