ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ օգոստոսի 20-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել մայրաքաղաքում: Ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր:
Տարբեր արարքների կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել մի շարք անձինք: Ոստիկանության հատուկ ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող վարորդները:
Բոլոր օրինախախտները հայտնաբերվել և ենթարկվել են վարչական պատասխատանվության: Որոշ մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Հայտնաբերված բոլոր օրինախախտները ենթարկվել են համապատասխան պատժամիջոցի, որոշ դեպքերով էլ նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են:
Ոստիկանությունը հորդորում է պահպահել համակեցության կանոններն ու չխախտել օրենքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը