20 08 2019

Նախարարը կալանավորների հետ քննարկել է վաղաժամկետ ազատման ինստիտուտի հարցը

Նախարարը կալանավորների հետ քննարկել է վաղաժամկետ ազատման ինստիտուտի հարցը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցի տարածքում, հետեւել քրեակատարողական հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքներին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն ամիսներ առաջ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով 270 միլիոն դրամ հատկացրեց «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Սեւան»  ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար:

Արդարադատության նախարարը ծանոթացել է նաեւ դատապարտված եւ կալանավորված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին, սննդի պատրաստման պայմաններին, զրուցել դատապարտյալների հետ:

Ցմահ դատապարտյաները նախարար Բադասյանի հետ զրույցում բարձրացրել են վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու եւ  ռեժիմների փոփոխության հարցերը, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ Նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ցմահ դատապարտյալներին օրենսդրորեն ընձեռված հնարավորությունները գործնականում իրացնելու ուղղությամբ:

Շրջայցին ներկա են եղել նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը եւ ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ