19 08 2019

Դատաիրավական «ընկճախտ»․ 168.am

Դատաիրավական «ընկճախտ»․ 168.am

168.am-ը գրում է․ «ՀՀ քաղաքական օրակարգում դատաիրավական համակարգում ստեղծվել է անկառավարելի քաոս, որի շուրջ վերջին մի քանի ամիսներին պարբերաբար նոր զարգացումներ են տեղի ունենում։

Աքսիոմատիկ է այն, որ արդարադատությունը պետք է հնարավորինս մեկուսացված լինի քաղաքական գործընթացներից։ Երիցս սխալ են այն իրավագետները, այդ թվում՝ նրանք, որոնք կոչ են անում իշխանություններին հեղափոխությունը շարունակել նաև դատական իշխանության համակարգում:

Արդարադատության համակարգում կան լրջագույն խնդիրներ, սակայն դրանց լուծման ուղին ոչ մի պայմանով չի կարող լինել հեղափոխությունը, ինչը չի բացառում արմատական գործընթացների անհրաժեշտությունը: Ընդ որում, այդ գործընթացները պետք է երաշխավորվեն բացառապես միջազգային հանրաճանաչ սկզբունքներով, այլապես ոչ թե կդոփենք տեղում, այլ կունենանք ցավալի հետընթաց:

Փաստ է, որ արդարադատության ոլորտում, ի տարբերություն պետականաշինության մյուս ոլորտների, դեռևս «քրեաօլիգարխիկ ռեժիմի» օրոք աստիճանաբար, բայց արձանագրվել է առաջընթաց:

Ցավոք, ինչպես մյուս բոլոր բնագավառներում է կիրառվում վերջին մեկուկես տարվա ընթացքում, հանրությանը հրամցվում են սոսկ բացասական ասպեկտները, սակայն գրեթե լռության են մատնվում այնպիսի ցուցիչները, ինչպիսիք են արդարացումները, դատավորների համայնքը արհեստավարժ ու ազնիվ մասնագետներով համալրելը, դատարանների նկատմամբ վստահության աճը և այլն:

Այս ցուցիչները, ինչ խոսք, անվերապահորեն գոհացուցիչ չեն, սակայն մի ամբողջ համակարգ վիրահատության ենթարկելուց առաջ, նախ՝ հարկ է առնվազն համալիր պատկերացում ունենալ վերջինիս դրական ու բացասական կողմերի, միջամտության հնարավոր հետևանքների մասին: Մարդիկ ընդհանուր դատական համակարգում տիրող իրավիճակը համեմատում են ոչ թե այն իրավիճակի հետ, ինչ եղել է տասնյակ տարիներ առաջ, այլ՝ իրենց ակնկալիքների հետ:

Օրինակ՝ ժամանակին գործարարները խիստ հազվադեպ էին փորձում, օրինակ՝ վիճարկել հարկային մարմինների ակտերը, քանզի արդարացի կերպով խուսափում էին հետագա հետապնդումներից, և վստահ էլ չէին, որ դատարանները կկարողանան խույս տալ գործադիր իշխանության ակնհայտ ճնշումներից: Ներկայումս այդ փուլը հաղթահարված է, ինչը տրամաբանական էր, սակայն տրամաբանական չէ այն անտեսելը և երևույթների ներքին էվոլյուցիան համարժեք չհասկանալը։ Տեղին է ֆիքսել, որ դատաիրավական համակարգից հանրության դժգոհության մասին ընդհանրական խոսելն արդեն իսկ հիմնավորված չէ, գիտական չէ, դրանց մասին են վկայում անկախ փորձագետների կողմից անցկացված սոցհարցումները:

Ընդ որում՝ հարկ կլինի ճշգրիտ որոշել նաև յուրաքանչյուր դատավորի նկատմամբ վստահության աստիճանը, վերջին հաշվով, գոյություն չունի միջինացված, կամ, ինչպես ոմանք սիրում են ասել՝ հավաքական դատավոր, այս պաշտոնյաները չափազանց տարբեր են և իրենց ինտելեկտով, և արհեստավարժությամբ, և այլ որակներով:

Այսպիսով՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն այդպես էլ հանգուցալուծում չի ստանում:

Տեղեկություններ են շրջանառվում, ըստ որի՝ ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանությունների կողմից արվող այն առաջարկը, ըստ որի՝ իրենց հրաժարականի դեպքում առաջարկվում է ցմահ աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև սպառնալիք՝ հրաժարական չտալու դեպքում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարով։

Փաստ է այն, որ նման օրենքն ապօրինություն է, և, եթե անգամ ՍԴ դատավորների փոխարեն եկած նոր ՍԴ դատավորներն այն հակասահմանադրական չճանաչեն, ապա Փաշինյանի իշխանության հեռացումից հետո հաստատ ոչ միայն ցմահ աշխատավարձը չի պահպանվի, այլև իրենք ստիպված կլինեն տարիներ անց պետությանը վերադարձնել այդ գումարներն ու պատասխան տալ անօրինական գործընթացին մասնակից լինելու համար։

Եվ երկրորդ. ընդունելով առաջարկը՝ կնշանակի՝ ընկրկել իշխանության շանտաժի առաջ։ Կա տեսակետ, որ իշխանական կուլիսներում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածություններ առաջադրելու վերջին՝ ամենածայրահեղ տարբերակը։ Ամփոփելով՝ նկատենք, որ դատական համակարգը չափազանց կարևոր և շատ ու շատ քաղաքական գործիչների կողմից համարժեք չընկալված նյութ է, այն նուրբ ու, միաժամանակ՝ ողջ պետականաշինության ուղղությունները կանխորոշող հենասյուն է, ուստի այս ոլորտում պետք է «դանդաղ շտապել»: Չմոռանանք, որ անգամ ֆրանսիական հեղափոխության ընթացքում պահպանվեց դատավորների անփոփոխելիության սկզբունքը, ինչի արդյունքում այդ երկիրը, այնուամենայնիվ, շահած դուրս եկավ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ