18 08 2019

Նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի․փաստաբան․ Սպուտնիկ Արմենիա

Նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի․փաստաբան․ Սպուտնիկ Արմենիա

Armeniasputnik.am-ը գրում է․ «Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։

Դատական վարույթն անորոշության մեջ է հայտնվել ոչ թե Քոչարյանի, այլ`դատարանների մեղքով։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը։

«Եթե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ու նրան հեռացրել են գործից, ապա պետք է շատ արագ դատավոր նշանակեին, նիստ հրավիրեին ու կալանքի հարցը լուծեին, սակայն դա չի արվում»,–նշեց նա։

Ըստ փաստաբանի` եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, հետևաբար, լուծումը պետք է բխի ելնելով ազատության կանխավարկածից։ Այս դեպքում միակ լուծումը դա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելն է` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով։ 

«Եթե իշխանությունները չեն կարող ապահովել օրինական կալանք, ապա միակ լուծումը ազատ արձակելն է. անձին չի հետաքրքրում գործը Վճռաբեկում է, թե` Վերաքննիչում, սա վերաբերում է պետության ռեսուրսներին»,–ասեց Ղազարյանը։ 

Նրա խոսքով`եթե կալանքի ժամկետն անորոշ է, ուրեմն, խախվտում են մարդու իրավունքները։

«Ցանկացած պահին, եթե անձը անորոշության մեջ է, օրենքը պետք է հստակորեն կարգավորի ժամկետը»,– ասաց փաստաբանը։

Ըստ Ղազարյանի` արդեն երկու ամիս է` դատական քննությունը սկսելու և կալանքի ժամկետը երկարացնելու որոշում կա, մինչդեռ այս պահին դատական քննությունը կասեցված է։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կամ դրա հավելվածը երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին կուղարկվի առաջին ատյանի դատարան, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել ու գործն ուղարկել նոր քննության։ Սակայն առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, հետևաբար Գրիգորյանը չի կարող քննել Քոչարյանի գործը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ