ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:
2009-2017թթ.-ի ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը